Ուղիղ եթեր
Բաստիոն 26 րոպե առաջ - 22:00 04-11-2026

Փաշինյանը խաղաղություն չի ունենալու ո՛չ այս աշխարհում, ո՛չ այս աշխարհից հետո. Վահե Բեգոյան

Գևորգ Էմին-Տերյան

Գլխավոր խմբագիր

Գևորգ Էմին Տերյանի հեղինակային «Բաստիոն» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալվել է դիրիժոր, կոմպոզիտոր և «Սաղմոսերգու» հոգևոր երաժշտության արական երգչախմբի հիմնադիր-ղեկավար Վահե Բեգոյանը:

Վահե Բեգոյանը խոսել է հոգևոր երաժշտության կարևոր դերի, մարդու կյանքում ունեցած նշանակության ու ազդեցության, եկեղեցական արվեստի, մեր հասարակության մեջ հոգևոր արժեքների անկման ու դրա պատճառների, հայ ժողովրդի մշակութային պարտությունների և իբրև ազգ մշակութային հայեցակարգ չունենալու, եկեղեցու դեմ իշխանության արշավի ու հակասահմանադրական քայլերի, աստվածային պատժի, գնդերեցների ինստիտուտի լուծարման ու բանակում տեղի ունեցող դժբախտ պատահարների վրա դրա ուղիղ ազդեցության մասին:

«Հոգևոր երաժշտությունը շատ կարևոր տեղ է զբաղեցնում մարդու կյանքում, հոգևոր երաժշտությունը այն փոքր տարածքն է, որտեղ տարբեր երաժշտությունների ունկնդիրներ հավաքվում են: Այս առումով հոգևոր երաժշտությունը շատ մեծ միավորող ու խմորող հանգամանք ունի և իր մեջ կրում է եկեղեցում ստեղծված լինելու, եկեղեցու որոշակի գործառույթներ՝ միավորող, խմորող, ամենատարբար մարդկանց մեկտեղող և նրանցից ժողովուրդ ձևավորող»,- նշում է նա:

Ըստ դիրիժորի՝ հոգևոր երաժշտության անկման պատճառներից մեկն այն է, որ մեր դարաշրջանում ամեն խորքային բան մղվում է հետին պլան, մարդը հոգնում է բովանդակություն ունեցող երևույթներից, որոնք հասկանալու համար ենթադրում են գիտելիք:

«Ամեն ինչ, ցավոք սրտի, դարձել է դատարկ, փուչ, անիմաստ, Տիկտոկի տեսանյութի տևողությամբ, դրանից ավելին ուղեղը արդեն չի ընկալում»,- նշում է նա:

Վահե Բեգոյանը պնդում է, որ մենք՝ իբրև ազգ, մշակութային հայեցակարգ չունենք, և մեր պարտությունները սկսվել են մշակութային դաշտում, և չէին լինի այսօրվա պարտությունները, եթե տասնամյակներով այդ մշակութային նահանջը չլիներ. «Ազգը իր երաժշտական ժառանգության կրողը չէ, լավագույն դեպքում այն գնահատելի թանգարանային նմուշ է»:

Դիրիժորը նշում է, որ սովետական ժամանակաշրջանում երաժշտական
ոլորտը վերահսկվում էր, ինչը չկա այսօր, ռեստորանային վատ որակի երաժիշտը նախկինում երբեք չէր կարող մուտք գործել պետական համերգասարհներ, իսկ այսօր այդ ամենը անվերահսկելի է դարձել:

Խոսելով Կոմիտասի ու Եկմալյանի՝ հոգեբուժարանում հայտնվելու մասին՝ Բեգոյանը նշում է, որ նրանք հոգեկան շեղումներ չեն ունեցել, այլ խորքային հիասթափություններ եկեղեցուց, ժողովրդից, պետությունից, հոգևորականներից, այն մարդկանցից, որոնք իրենց ստեղծածի առաջին օգտատերերն էին, բայց միևնույն ժամանակ առաջին խանգարողները. «Հոգևոր երաժշտությունը կանոնական արվեստ է, Կոմիտասը հոգևոր արվեստով զբաղվող այն եզակի կերպարներից էր, որ այդ կանոններից դուրս չէր գալիս օրիգինալ մի բան անելու համար, քանի որ դրանից դուրս այլ իրականություն էր, այլ կանոնի մեջ խորանում էր և իջնում անհասանելի խորքերը»:

Տեսանյութ:

Գևորգ Էմին-Տերյան