Ընտանեկան բռնության դեպքերով նախաձեռնված քրեական վարույթներում տուժողի մարմնական վնասվածքների ժամանակին արձանագրումն առանցքային նշանակություն ունի գործի հետագա ընթացքի համար։ Հանրային դաշտում հաճախ են բարձրաձայնվում մտահոգություններ առ այն, որ դեպքից 1-2 օր անց նշանակվող կամ իրականացվող դատաբժշկական
փորձաքննությունը կարող է հանգեցնել ապացույցների կորստի, ինչն էլ իր հերթին դառնում է գործերի կարճման պատճառ։
Այս խնդրի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով գրավոր հարցում էինք ուղղել ՀՀ քննչական կոմիտե՝ հետաքրքրվելով, թե ինչպես է ապահովվում վնասվածքների անհապաղ ֆիքսումը, արդյոք 1-2 օրվա ուշացումը խոչընդոտում է ապացուցողական բազայի ձևավորմանը և որքանով է դա ազդում վարույթների կարճման վիճակագրության վրա։
Ի պատասխան մեր հարցման՝ Քննչական կոմիտեից հայտնել են, որ մարդու դեմ ուղղված հանցագործությունների, այդ թվում՝ ընտանեկան բռնության դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթների նախաքննության ընթացքում իրենց լիազորությունների շրջանակում մշտապես ձեռնարկվում են համապատասխան գործողություններ՝ տուժողի մարմնին առկա վնասվածքներն արձանագրելու ուղղությամբ։
Ըստ կոմիտեի պարզաբանման՝ դեպքից կարճ ժամանակ (1-2 օր) անց դատաբժշկական փորձաքննության իրականացումն ինքնին չի կարող խոչընդոտ հանդիսանալ ապացույցի կորստի առումով։
Կառույցից ընդգծում են, որ քրեական վարույթների դատավարական ընթացքը՝ գործը կարճելը կամ դատարան ուղարկելը, լուծվում է բացառապես պատշաճ և համակողմանի քննության ընթացքում ձեռք բերված ապացույցների գնահատման արդյունքում։
Այնուամենայնիվ, Քննչական կոմիտեն չի հերքում, որ գործնականում հանդիպում են դեպքեր, երբ հնարավոր չի լինում պարզել ու հիմնավորել տուժողի մարմնին առկա վնասվածքների առկայությունը, բնույթն ու ծանրության աստիճանը։ Կոմիտեն առանձնացրել է դրան նպաստող երեք հիմնական գործոն, որոնք կապված են հենց տուժողների վարքագծի և ուշացած արձագանքի հետ. ժամանակին բուժօգնության չդիմելը, դատաբժշկական փորձաքննության չներկայանալը կամ ուշ ներկայանալը, ենթադրյալ հանցանքի դեպքի մասին տևական ժամանակ անց իրավապահ մարմիններին հայտնելը։
Փաստացի, նախաքննական մարմինը վստահեցնում է, որ համակարգային ուշացումների խնդիր չկա, իսկ ապացույցների բացակայությունը հիմնականում պայմանավորված է լինում բռնության ենթարկված անձանց կողմից իրավապահներին ու բժիշկներին ուշ դիմելու հանգամանքով։
Հասմիկ Մովսիսյան