Ռոմանոս Պետրոսյանը ստում է. եթե ազնիվ է, եթե տղամարդավարի է խոսում, թող ճշմարտությունն ասի. պատմի, որ ՀԷՑ-ին մնացել էր, ընդամենը, 2-3 ամսվա կյանք,- այս մասին «Բուն-TV»-ին տված հարցազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը, անդրադառնալով ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի Հանրային հեռուտաընկերության եթերում հնչեցված մեղադրանքներին:
«2015 թվականին իշխանությունները խնդրել են, և Սամվել Կարապետյանը գնել է ՀԷՑ-ը, կատարել է 600 միլիոն դոլարի ներդրում: Այդ 600 միլիոն դոլարի ներդրումը ՀԾԿՀ կողմից ամեն տարի հաստատված ներդրումային ծրագրում է արտացոլված: Սամվել Կարապետյանը ներդրել է նաև իր շահութաբաժինը: Կարապետյանի շահույթի մեծ մասը հատկացվել է ընկերության ներդրումային ծրագրերին»,- ասաց Ղազինյանը:
Նրա խոսքով Սամվել Կարապետյանը սնանկացման գնացող ընկերությունը վերցնելուց հետո հոսանքի սակագինը չի թանկացրել, և դա այն դեպքում, երբ դրանից առաջ Երևանում տեղի էին ունենում ընդդեմ հոսանքի թանկացման ցույցեր, քանի որ հոսանքի սակագինը պետք է թանկանար 19 դրամով:
«ՀԷՑ-ն այդ ժամանակ ուներ 36 միլիարդ դրամի պակասուրդ: 10 տարի հոսանքի սակագին չթանկացնելուց հետո Սամվել Կարապետյանը որոշել է իր շահույթի մի փոքր մասը վերցնել: ՔՊ-ն ժողովրդին ստում է հիմա ու հնչեցնում հարցխ թե ինչո՞ւ Սամվել Կարապետյանը պետք է շահույթ ունենար: Հ1-ի հաղորդավարը, հետևապես, պետք է նրան տար հետևյալ հարցերը՝ ե՞րբ է Կարապետյանն իր շահույթը վերցրել, ամբո՞ղջն է վերցրել, թե՞ ոչ, կամ, օրինակ, ՔՊ-ի մատնանշած հենասյուների ինքնարժեքի հաշվարկը կա՞, թե՞ ոչ. իմ տեղեկություններովդրանց ինքնարժեքը շատ ավելի բարձր է, քան մենք ենք գնել»:
Դավիթ Ղազինյանը շեշտեց նաև, որ միայն մեկ օրինակով կարելի է փաստել՝ Հանրային հեռուստաընկերության եթերում Ռոմանոս Պետրոսյանը, պարզապես, սուտ տեղեկություններ է հայտնել ՀԷՑ-ի վերաբերյալ:
«Մեր ժամանակ հենասյուներ արտադրող ընկերությունը պարտավորվել էր հենասյուներ տեղափոխել ՀԷՑ-ի նշած վայրը օրինակ Մեղրիից մինչև Տավուշ, իսկ Ռոմանոս Պետրոսյանի կառավարման օրոք արտադրող ընկերությունը նման պայմանագրային պարտավորություն չունի. տեղափոխումը պետք է իրականացնի ՀԷՑ-ը: Սուտ է նաև պնդումը, թե մեկ բեռնատարով հնարավոր է տեղափոխել 25-30 հենասյուն. թող ցույց տա բեռնատար, որը կարող է այդքան հենասյուն տեղափոխել»:
Պատգամավորը բացատրեց այն սխեման, որով Ռոմանոս Պետրոսյանը կարողանում է խոսել գնումների ժամանակ ցածր գնով ապրանք ձեռք բերելու մասին:
«ՀԷՑ-ը, երբ խլեցին, նրանք պատրաստ էին ցածր որակի դիմաց ձեռք բերել անորակ ապրանք. օրինակ կահույքի արտադրությամբ զբաղվող ընկերություն է անգամ մասնակցել հենասյուների գնման մրցույթին, իսկ դրա նպատակը ցածր գին առաջարկելն է եղել, մինչդեռ, Սամվել Կարապետյանի կողմից դրվել էր հստակ պահանջ առաջին հերթին ձեռք բերել որակյալ ապրանք, ոչ թե էժան և անորակ:
Հիշեք, անկախ ամեն ինչից՝ ՀԷՑ-ը վերադարձվելու է իր իրական սեփականատիրոջը, որի պահանջով էլ առաջին հերթին ձեռք էր բերել որակյալ ապրանք»,- խոսքը եզրափակեց Դավիթ Ղազինյանը: