Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Անթալիայում կայացած հանդիպումն անցել է դրական մթնոլորտում։ Փաշինյանի խոսքով՝ հաջորդ կարևոր քայլը երկու երկրների միջև երկաթուղային կապի վերականգնումն ու բացումը կարող է լինել։
Այս համատեքստում հարց է առաջանում՝ առաջիկայում հնարավոր կլինի՞ վերականգնել Հայաստանի և Թուրքիայի միջև երկաթուղային հաղորդակցությունը։
Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե քաղաքացիներն ի՞նչ կարծիք ունեն հայ-թուրքական երկաթուղային կապի հնարավոր բացման վերաբերյալ։
Քաղաքացիներից մեկն ասաց. «Թուրքիան ամեն ինչ անելու է, որ Հայաստանի հարցերը վատ ձևով լուծվեն։ Դա Թուրքիայի ծրագրերի մեջ է մտնում, իսկ մեր ղեկավարությունը շատ թույլ է։ Այս պայմաններում ճանապարհների բացումը մեզ օգուտ չի տա»։
Հարցվածներից մեկն էլ դրական գնահատեց երկաթուղային կապի բացման հնարավորությունը՝ նշելով. «Երկաթուղու բացվելը մեզ օգուտ կտա, քանի որ շրջափակումը մեզ համար լավ տարբերակ չէ, բացի այդ՝ տնտեսական կապերն էլ կզարգանան»։
Մեկ այլ քաղաքացի էլ դեմ արտահայտվեց երկաթուղային կապի բացմանը՝ ասելով. «Բայց մեզ պե՞տք է Թուրքիայի հետ երկաթուղային կապ, թուրքը միշտ եղել է մեր թշնամին և այդպես էլ մնալու է»։ Նա կարծիք հայտնեց, թե այդ երկաթուղին Հայաստանին, բացի վնասից, որևէ օգուտ չի տա։
Մանրամասմերը`տեսանյութում: