Ներքին 12 րոպե առաջ - 10:17 14-11-2026

Փոքր տարիքից սիրո կարիք եմ ունեցել․ մանկությունս անցել է տան հոգսերի մեջ

28-ամյա Լենա Ղազարյանն ապրում է կիսախարխուլ բնակարանում, որտեղ տարվա բոլոր եղանակներին խոնավ է։ Միայնակ ապրող երիտասարդ աղջկա առօրյան անցնում է կենցաղային հոգսերի, նյութական դժվարությունների ու հաճախ նաև կիսաքաղց օրերի մեջ։

Oragir.News-ի հետ զրույցում Լենա Ղազարյանը պատմում է, որ վաղ տարիքում է առերեսվել կյանքի դժվարություններին։ Հայրն ու եղբայրը մահացել են, իսկ հորաքրոջը կորցրել է մոտ մեկ տարի առաջ։ Այսօր նա մենակ է մնացել՝ փորձելով ինքնուրույն հաղթահարել իրեն բաժին հասած դժվարությունները։

Կենցաղային խնդիրներից զատ՝ Լենան առողջական խնդիրներ էլ ունի։ Նրա խոսքով՝ խոնավ ու անբարեկարգ բնակարանում ապրելը չի կարող անհետևանք մնալ առողջության համար։ Աշխատանք չունի, ապրուստի հարցում նրան երբեմն օգնում են ծանոթներն ու պարզապես բարի մարդիկ։

«Տվողից էլ եմ գոհ, չտվողից էլ»,- ասում է Լենան՝ խոսելով իրեն օգնության ձեռք մեկնողների մասին։

Չնայած ծանր պայմաններին՝ Լենան փորձում է չկորցնել իրեն։ Սոցիալական ցանցերում ակտիվ է, զբաղվում է բլոգերությամբ, գրում է բանաստեղծություններ։ Ստեղծագործելն ասես՝ այն փոքրիկ աշխարհն է, որտեղ կարողանում է արտահայտել այն, ինչի մասին առօրյա հոգսերի մեջ հաճախ լռում է։

Լենան խոստովանում է՝ փոքր տարիքից սիրո և ուշադրության կարիք է ունեցել։ Մանկությունն անցել է տան հոգսերի մեջ, և այսօր էլ դժվարանում է հասկանալ՝ արդյոք հասցրե՞լ է ապրել այն կյանքը, որը պետք է ունենար։

«Ոչինչ չեմ հասկացել ո՛չ իմ մանկությունից, ո՛չ էլ իմ ապրած կյանքից»,- ասում է նա։

Բայց դժվարությունների կողքին Լենան դեռ հույս ունի։ Հավատում է, որ նույնիսկ ամենածանր օրերն են անցողիկ, և մի օր իր կյանքում էլ ամեն ինչ կարող է փոխվել։

Մանրամասները` տեսանյութում։