Դուբլինի միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտում (IIEA) տեղի ունեցած քննարկման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականությանը, Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, տարածաշրջանում խաղաղության հաստատման հեռանկարներին, ինչպես նաև Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության իր տեսլականին։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի արտաքին քաղաքական ուղղությանը։ Պատասխանելով մոդերատորի հարցին, թե արդյոք Հայաստանը փոխում է իր արտաքին քաղաքական վեկտորը, Փաշինյանը նշել է, որ Երևանը չի ձգտում հեռանալ մի գործընկերոջից՝ մյուսի հետ մերձենալու համար։
Նա այս համատեքստում անդրադարձել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ նշելով, որ դրա իրագործման արդյունքում ոչ միայն Հայաստանը, այլև ամբողջ Հարավային Կովկասը կարող է վերածվել խաղաղության և տրանսպորտային հաղորդակցությունների խաչմերուկի։
Քննարկման ավարտին Փաշինյանին հարց է ուղղվել, թե ինչպիսին է պատկերացնում Հայաստանը 20 տարի անց։ Վարչապետը պատասխանել է, որ այդ ժամանակ Հայաստանը տեսնում է Եվրոպական միության կազմում։
«Հայաստանը ես տեսնում եմ Եվրոպական միության կազմում»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։