Ուղիղ եթեր
Ներքին Արտաքին 19 րոպե առաջ - 23:26 13-11-2026

ՀՀ–ն ու ՌԴ–ն մշակույթի ոլորտում համագործակցության երկամյա ծրագիր են ստորագրել

Ռուսաստանն ու Հայաստանը մշակույթի ոլորտում համագործակցության երկամյա` 2027-29թթ, ծրագիր են ստորագրել: Այս մասին հայտնում է ՌԴ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Ռուսաստանի մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան հանդիպել է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ: Կողմերը քննարկել են երկու երկրների մշակութային փոխգործակցությունը և հետագա համագործակցության ծրագրերը:

Լյուբիմովան նշել է հայ երիտասարդների ստեղծագործական բարձր ներուժը ու հիշեցրել, որ Ռուսաստանի ստեղծագործական բուհերում սովորում է Հայաստանի 28 քաղաքացի։
ՌԴ մշակույթի նախարարը Հայաստանի տաղանդավոր երեխաներին հրավիրել է մասնակցելու Չայկովսկու անվան 18-րդ միջազգային մրցույթին, որը տեղի կունենա 2027 թվականին:

Հայ-ռուսական համագործակցության շրջանակում Տրետյակովյան պատկերասրահում տեղի կունենա Հարություն Գալենցի ցուցահանդեսը, որտեղ ներառված կլինեն գործեր Հայաստանի ազգային պատկերասրահից, ժամանակակից արվեստի թանգարանից և մասնավոր հավաքածուներից։

Բացի այդ, Կուզմա Պետրով-Վոդկինի 150-ամյակի կապակցությամբ պատկերասրահը նախատեսում է նկարչի առաջին լայնածավալ ցուցահանդեսը 21-րդ դարում:
Մամուլի ծառայությունում հստակեցրել են, որ Հայաստանի գործընկերները պատրաստակամություն են հայտնել աջակցել նախագծերին:

Ռուսաստանի մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան վստահեություն է հայտնել, որ համագործակցության ստորագրումը թույլ կտա բոլոր ուղղություններն ամրապնդել կոնկրետ նախագծերով՝ մշակույթի փոխանակման օրերից և թատերական հյուրախաղերից մինչև գրադարանային, թանգարանային, կրթական եւ կինեմատոգրաֆիական նախաձեռնություններ։