Ուղիղ եթեր
copy image url
Մշակույթ 1 տարի առաջ - 18:07 13-03-2023

Նա խոստացավ սիրո անհատնելի հմայք և ինձ թողեց միայն մահու կսկիծ․ Չարենցի և Արփենիկի սիրո առասպելը

1897 թ․ այս օրն է ծնվել բոլոր ժամանակների մեծագույն գրողներից մեկը՝ Եղիշե Չարենցը։

Չարենցի կյանքում բազմաթիվ կանայք են եղել. Աստղիկ Ղոնդախչյան, Կարինե Քոթանջյան, Լյուսի Թառայան, Արմենուհի Տիգրանյան, բանաստեղծուհի Լեյլի (Փառանձեմ Սահակյան-Տեր Մկրտչյան), Մարիաննա Այվազյան, Արաքսյա Մանուկյան, Ռեգինա Ղազարյան և ուրիշներ։ Նա այս կանանց հետ տարաբնույթ հարաբերություններ է ունեցել. սիրել, մերժվել, ոգեշնչվել…

Բայց նրանցից միայն մեկին է հաջողվել դառնալ այն ճակատագրական կինը, որի մասին հետագայում պիտի գրեր․

Օ, հարազա՛տ ընկեր իմ, իմ բարեկա՛մ, իմ քու՛յր,
Անվերադարձ անցած հերոսակա՛ն իմ կին․․․

Արփենիկ Տեր-Աստվածատրյանը սոսկ Չարենցի կողակիցը չէր, նա ոգեշնչման աղբյուր էր, մուսա․․․ Նվարդ Թումանյանը պատմում է, որ մի առիթով Չարենցն ասել է. «Արփիկը ստեղծագործական կյանքս բեղմնավորեց, իսկ Զաբելը՝ սերունդս»։

Արփենիկը բնավորությամբ մեղմ էր, հանգիստ ու հանդուրժող՝ ի հակադրություն Չարենցի անհանգիստ խառնվածքի: Նա միշտ հոգևոր նեցուկ է եղել Չարենցին, տխուր պահերին երգել նրա համար, միշտ հասկացել է բանաստեղծին, ընդունել նրան ինչպես որ կա, ներել նրա բոլոր մոլորությունները, սիրային պատմությունները, կենցաղային ու գրական բազում վեճերը:

Ցավոք, կարճ հյուսվեց այս հզոր սիրո առասպելը, և նույնքան ողբերագական եղավ վախճանը․․․

Արփենիկի մահը հանկարծակի էր, մի ծանր հարված, որը իր հետքը պիտի թողներ Չարենցի կյանքի մնացյալ տարիներում։ Այդ ժամանակ գրողը բանտում էր․ հերթական արկածից հետո նրան բանտարկության էին դատապարտել, երբ պարզվում է Արփիկի հղիության մասին, սակայն մահը վրա է հասնում անսպասելի և արագ․ նա մահանում է 1927 թ. հունվարի 1-ի լույս 2-ի գիշերը՝ արտաարգանդային հղիության պատճառով։

Հետագայում Չարենցն իրեն այդպես էլ չներեց… «Բայց սև աղետ դարձավ և մահացու հանցանք//Քեզ համար սերն իմ սև, իմ Նավզիկե…»,- տարիներ անց՝ 1935 թ․ գրել է Չարենցը՝ ակնարկելով Արփիկին։



Արփիկի մահից հետո Չարենցի՝ առանց այն էլ ծանր հոգեկան դրությունն էլ ավելի վատացավ։ Արփիկի թաղման ժամանակ թույլ չի տվել դագաղը ծածկել, իջեցնել փոսը, այրել է կնոջ բոլոր զգեստերը, որոնք ինքն էր սիրով բերել արտասահմանից, հանել է Արփիկի գիպսե դիմակն ու ձեռքի կրկնօրինակը, մարմնին դաջել է մահվան տարեթիվն ու անունը։

Նշան Մակինցյանը պատմում է, որ 1930 կամ 31 թ. գիշերը երեք սրվակ մորֆին է սրսկվել և Արփիկի հիշատակի համար լաց լինելով՝ ասել, որ ցանկանում է ինքնասպանություն գործել։ Այս դեպքից մի քանի օր հետո էլ կտրել է զարկերակը։

Այսպիսին էր Չարենցի սերն ու նվիրումը Արփիկի նկատմամբ։ Նա անվերջ տանջվել է իր չիրականացած երազանքների պատճառով։ Ամենակուլ մահը հաղթել էր սիրուն։

Կորցրած սերը, անդառնալի տառապանքներն ու ապրումները նա անմահացրել է իր հանրահայտ «Նավզիկե» պոեմում։

Կնոջս՝ Արփենիկ Չարենցի հիշատակին

Նայադների՜ նման, նայադների՜ նման,
Կարոտներիս ձայնով կանչեց նա ինձ,—
Նա խոստացավ սիրո անհատնելի հմայք
Եվ ինձ թողեց միայն մահո՛ւ կսկիծ...

Նաժիշտներով իր յոթ շրջապատված՝
Նաժիշտներով սիրո և դավի կե՛զ,—
Իբրև հոժա՛ր կամքով մահապարտված՝
Ընդունեց սերն իմ սև — իմ Նավզիկեն...

Կարոտներիս ծովի կղզիներում անցած
Դու իմ կղզին եղար միակ ոսկե,—
Բայց սև աղետ դարձավ ու մահացու հանցանք
Քեզ համար սերն իմ սև, իմ Նավզիկե...

Եվ վարդագույն, ինչպես մի վարդագույն մարջան,
Կարոտներիս կարմիր ավազի մեջ—
Դու ժպտացի՛ր, անցար, աներևույթ դարձար,
Օ, մահացու իմ սեր, իմ Նավզիկե...

Օվսաննա Իսրայելյան

Ամենից շատ դիտված

15:25 Հայ զինվորականները զղջում են չարածի համար. նմանություն՝ Բաքվում պահվող գերիների ճնշումների հետ
07:56 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. Ժողովուրդ
20:35 Ավարտվել է կիրանցեցիների և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը․ այն անարդյունք էր
22:30 Արցախի ղեկավարներին ազատելու դիմաց Ալիևը ՀՀ-ից ծանրակշիռ բան է ուզում ստանալ
12:00 Փաշինյանի հայտարարությունից հետո Իսկանդեր կրակող սպային թունավորել են ու սպանել. մոր բացահայտումը
22:53 Քաղաքացիներն իրենց օծված չեն զգում. հարցում
23:08 Ժողովրդին քաղաքական ուժերը տարել են փակուղի, մարդիկ չգիտեն՝ ում վստահեն. ակցիայի մասնակից
21:30 Բանակը Սերժ Սարգսյանի հրաժարականը կարող է պահանջել, Նիկոլ Փաշինյանինը` ոչ
18:40 Պարեկն՝ ընդդեմ վարորդի. անիրագործելի պահանջներ են ներկայացնում ու տուգանում 
22:36 Հազիվ քաղաք ենք էկել, կոֆե խմենք․ կիրանցեցիները դժգոհ են երևանցիների անտարբերությունից