Շիրակի մարզի հյուսիս-արևմուտքում՝ Ախուրյան գետի աջ ափին, ծովի մակարդակից մոտ 1870 մետր բարձրության վրա է գտնվում Ամասիան։
Երևանից մոտ 146-150 կմ, իսկ Գյումրիից շուրջ 30-45 կմ հեռավորության վրա գտնվող բնակավայրն աչքի է ընկնում իր բնությամբ, լեռնային տեսարաններով ու խիստ կլիմայով։շ
Ամասիան այն վայրերից է, որտեղ բնությունն ասես ամեն ինչ տվել է մարդուն՝ ընդարձակ դաշտեր, լեռներ, մաքուր օդ ու անդորր։ Սակայն այս գեղեցկության կողքին կա մեկ այլ իրականություն՝ մարդկանց առօրյա հոգսերը, կիսափլված տներն ու գյուղական կյանքի դժվարությունները։ Ամասիայի կլիման բարեխառն լեռնային է՝ ցուրտ, երկարատև ձմեռներով և համեմատաբար կարճ, զով ամառներով։
Ամասիայի ճանապարհներով անցնելիս աչքի են ընկնում ոչ միայն բնության գեղեցիկ տեսարանները, այլև ժամանակի հետ մաշված տներն ու գյուղական կյանքի պարզ կադրերը։ Այստեղ կյանքը շարունակվում է իր սովորական հունով․ մարդիկ զբաղված են առօրյա աշխատանքով, հոգսերով ու իրենց փոքրիկ աշխարհով։
Բայց գեղեցիկ բնապատկերները չեն կարող թաքցնել բնակավայրի խնդիրները։ Լեռնային այս համայնքում կյանքը միայն բացվող տեսարաններ ու մաքուր օդ չէ։ Այն նաև աշխատանք է, հոգս, կենցաղային դժվարություններ ու ապագայի մասին մտահոգություններ։ Ամասիան շարունակում է ապրել՝ իր գեղեցկության ու դժվարությունների արանքում։
Տեսանյութ։
Անահիտ Չալիկյան