Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 23:01 13-07-2022

Մոռացված «նախնիների» ստվերները

Մի ուրվական է շրջում…Չէ, Եվրոպայում չէ, հետխորհրդային տարածքում․ դա ԽՍՀՄ-2-ի միս ու արյուն առնել փորձող ուրվականն է…Իսկ դիակապտության նմանվող ձեռնարկի՝ միութենական պետության ստեղծման հեղինակը քաղաքակիրթ որակված աշխարհի կողմից անկյուն քշված Ռուսաստանն է: Վերջին շրջանում տարատեսակ մեթոդներով շրջանառության մեջ դրվող խորհրդային ատրիբուտիկան ու գնալով ակտիվացող շշուկներն են ստորև ներկայացվելիք նյութի շարժառիթը:

Հոկտեմբերիկների կուրծքը զարդարող ալ աստղի ճիշտ և ճիշտ մեջտեղում զետեղված մանուկ Վոլոդյայի, Շուշինոյում թեզիսներ գրող Վլադիմիր Ուլյանովի ու նրա «լուսավոր» մտքի վիզուալ արտահայտություն Իլյիչի լամպերի մասին այսօր հիշում են միայն տարեցները: Անկախության սերունդը պապերի կողմից միֆականացված այդ մարդու մասին ոչինչ չգիտի:

Փող աշխատելու համեմատաբար ազնիվ 460 եղանակի ծանոթ, իր տեսակի մեջ եզակի Օստապ Իբրահիմովիչ Բենդեր բեյ Զադունայսկու բախտը մի բանում չբերեց: Քարից հաց քամող կոմանդորը չտեսավ խորհրդային կայսրության փլուզումը: Ինչպիսի դասական հարված: Առանց վայրկյան իսկ երկմտելու մեծն կոմանդորը ԽՍՀՄ փլուզումից կկորզեր առավելագույնը: Ինչ-ինչ, թեկուզ արտահանման հաշվին, նա ձույլ ոսկով կփոխարիներ պրոլետարիատի առաջնորդի բոլորեքյան կանգնեցված արձանները: Ճիշտ է, կոմանդորին ոչ բնորոշ հեռատեսությամբ, բայց պրոլետարիատի առաջնորդի հետ համեմատաբար քաղաքակիրթ վարվեցին կալմիկները, ինչն արտահայտվեց վերջիններիս կողմից կայացրած «սողոմոնյան վճռով»…Էլիստայում տեղադրված Լենինի արձանը չապականվեց ու տեղահան չարվեց, ինչպես հետխորհրդային մյուս հանրապետություններում, ուղղակի շրջվեց 180 աստիճանով: Պատճառը, սակայն, ոչ թե կոմունիստական գաղափարներին կալմիկների նվիրվածությունն էր, այլ Լենինի տատիկի կալմիկական ծագումը: Հետխորհրդային մյուս հանրապետություններում, սակայն, ձեռակերտ Ուլյանովների ապամոնտաժման ընթացքում արձանագրվեցին վայրագության տարատեսակ դրսևորումներ: Թբիլիսիիում, օրինակ, վերակառուցվող ամբոխը Լենինի բրոնզաձույլ արձանը նախ նախշեց ներկով, այնուհետև վրան բենզինով լի շշեր նետեց, շրջապատեց անվադողերով և վերջում էլ միջնադարյան ինկվիզիցիային բնորոշ մեթոդներով էլ այն աշխարհ ճանապարհեց Իլյիչին:

«Մերն ուրիշ է» հայկական կարգախոսը կենսունակությունն ապացուցեց նաև մայրաքաղաք Երևանի ճիշտ սրտի մեջտեղում կանգնեցված, մոնումենտալ ու «մշտարթուն» որակված Մերկուլովյան Իլյիչի ապամոնտաժման ժամանակ:

Ի տարբերություն հարևան Վրաստանի՝ արձանի ապամոնտաժումը Երևանում անցավ համընդհանուր խանդավառության մթնոլորտում: Վաղ առավոտից ժողովուրդը եկել էր վերջին հրաժեշտը տալու բանվորագյուղացիական կոլեկտիվների ու փուչիկների հանդեպ ընդգծված թուլություն ունեցող պրոլետարիատի առաջնորդին: Բաժանման երևանյան արարողությունն առանձնացավ ուշագրավ ու խորհրդանշական ծիսակարգով: Տապալված առաջնորդի արձանի ետևից մարդիկ սկսեցին քարեր նետել, որոնք աստիճանաբար փոխարինվեցին մետաղադրամներով: «Կոպեկների նետումը ժողովրդական հավատալիքներում կրկին վերադառնալու նշան է»,- ինքնահորդորում էին իրավիճակի փոփոխությանը ոչ մի կերպ համակերպվել չցանկացող կոմունիստները:

Պատմությանը անծանոթ չեն նաև արձանների վերաիմաստավորման փորձերը:1991 թվականին, օրինակ, Մոսկվայում կանգնեցված տրիրցի Կառլի անունից արված և սպիտակ ներկով վավերացված՝ «Ներեցե՛ք ինձ» ապաշխարական բնույթի գրությունը: Հա, ի դեպ, պատվանդանների մասին: Հուշարձանները ամբողջական են հենց պատվանդանների շնորհիվ: Ապամոնտաժման ընթացքում, սակայն, չեն խնայվում անգամ գեղագիտական առումով մեծարժեք դիտարկվող պատվանդանները: Հենց այդպիսին էր Երևանի Լենինի հրապարակի՝ տիրոջը կորցրած և նոր տիրոջն սպասելիս աչքը ջուր կտրած պատվանդանը: Հնարավոր թեկնածուների անուններ էլ էին նշվում, բայց ինչպես հետո պիտի պարզվեր՝ իզուր, քանի որ կոմունիստների թափուրացած «սրբատեղին» հպարտորեն գոյելու էր ևս որոշ ժամանակ: Անլենին պատվանդանի «հպարտությունը» կոտրելը, ականատեսների վկայությամբ անասելի դժվար էր: Այնուամենայնիվ այն գետնին հավասարեցվեց ու սիզամարգի վերածվեց 1996 թվականին: Կատարվածը հասարակության գեղագետ հատվածի կողմից վանդալիզմ որակվեց, ու այդքանով էլ ամեն ինչ ավարտվեց: Իսկ ի՞նչ եղավ Վլադիմիր Իլյիչի հետ, ում արձանի բացման կապակցությամբ պոետը ժամանակին պիտի ձոներ՝

Նայիր այս արձանին, որ կանգնել է խրոխտ
Իմ քաղաքի՝ իմ նոր ժողովրդի սրտում,
Նա լենինյան ոգու մարմնացումն է մեզ մոտ
Մեր մեծ Առաջնորդի ներկայությունն արթուն…

Իսկ ոչինչ էլ չեղավ: Նա այսօր էլ, թող որ քառատված՝ կա, ապրում է՝ գլուխը Ազգային պատկերասրահի ներսում, մարմինը՝ բակում:

Ասում են այսօր էլ հեռավոր մարզերում ընթերցանության շրջանակներում օգտվում են ձեռքի տակ եղած այսօրինակ օդաներից: Ճիշտ է, հաստատական հնչերանգները սահունորեն փոխած հարցականի …

Ամենից շատ դիտված

13:11 Երևանում՝ տան հյուրասենյակում, հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. shamshyan.com
17:30 Չնայած Բագրատ Սրբազանը շարժվել չէր կարողանում, համաձայնեց մկրտության արարողությունն անցկացնել․ բացառիկ պատմություն
08:52 Տավուշցի ոստիկանները չեն ենթարկվել հրամաններին
21:49 Տավուշով չեն ավարտվելու զիջումները․ սա սպառնալիք է մեր պետականությանը. քահանա
20:48 Երևանում բախվել են թիվ 18 և թիվ 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր. shamshyan.com
17:45 Գլխիդ դուխով-ը ջնջի, գրի՝ դեբիլ. Պարույր Հայրիկյան
16:15 Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնը վերածել են հագուստի խանութի
22:41 Աղերսում եմ ձեզ, չթուլանաք․ Շուշան Պետրոսյան
07:12 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. Ժողովուրդ
23:28 Պետք է մեծ պարիսպներ սարքենք, որ Փաշինյանին չտեսնենք. հարցում` վարչապետի պատասխանի հետքերով