Գևորգ Էմին-Տերյանի հեղինակային «Բաստիոն» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալվել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը:
Նաիրա Կարապետյանը խոսել է ընդդիմության իրազեկման ակցիաների, դրանց նպատակների, Փաշինյանի հնարավոր հակասահմանադրական քայլերի, փողոցային շարժում գեներացնելու, Արևմուտքի՝ բռնապետական քայլերի հանդեպ լռության և անտարբերության, Սահմանադրության փոփոխության մասին:
«Առաջին հայացքից թվում է, թե ընդդիմությունն արդեն պարտվել է, Սահմանադրության հանրաքվեն փաստ է, և ընդդիմությունը իրազեկում է, որ կողմ չքվեարկեն Սահմանադրությանը, որը պարտադրվել է Ադրբեջանի կողմից։ Փաշինյանը ուղիղ կերպով ասաց, որ առաջարկ կներկայացնեն ընդդիմությանը, որից նրանք չեն կարող հրաժարվել, իսկ չհաջողելու դեպքում հանրային ճնշում կգեներացնեն, հենց Նիկոլ Փաշինյանը կառաջնորդի այդ ճնշումը, ես կարող եմ ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ինչպես 2018 թվականի աշնանը՝ հոկտեմբերին, շրջափակել Ազգային ժողովը և ստիպել պատգամավորներին դուրս չգալ Ազգային ժողովից, մինչև նրանք կողմ քվեարկեն»,- նշեց Նաիրա Կարապետյանը։
Ըստ նրա՝ Փաշինյանի խոստումներին պետք չի լուրջ վերաբերել, վարչապետը դիմելու է հակասահմանադրական մի քայլի, այն է՝ գեներացնելու փողոց և ճնշում գործադրելու ընդդիմության վրա․ «Ինչու՞ եմ ասում հակասահմանադրական, որովհետև որևէ երկրում մենք չենք կարող տեսնել իշխանության միտինգներն ընդդիմության դեմ․ դա նոնսենս է, չկա նման բան աշխարհում»։
Նաիրա Կարապետյանը վստահեցնում է, որ 2018 թվականի և 2026 թվականի Նիկոլը շատ տարբեր է՝ սկսած հռետորիկայից, վերջացրած պետության հանդեպ վերաբերմունքով, ուստի նա չի շտապում քայլեր կատարել, բայց ժողովուրդը Փաշինյանի համար շարունակում է մնալ գործիք:
«Մի բան միանշանակ է՝ Նիկոլ Փաշինյանն ունի հանձնարարություն՝ Սահմանադրություն փոխելու, և իր աթոռին մնալը կախված է կոնկրետ այդ հանձնարարությունը կատարել-չկատարելուց, և ինքը, շատ լավ պատկերացնելով, թե ինչպիսի գին կարող է վճարել, եթե ձախողի այդ քայլը, ինքը կդիմի ամեն ինչի»,- ասաց նախկին պատգամավորը:
Տեսանյութ։
Գևորգ Էմին-Տերյան