Ադրբեջանում դատարանը Məclis.info կայքի ղեկավար Իմրան Ալիևին դատապարտել է 10 տարվա ազատազրկման, իսկ հասարակական ակտիվիստ Էլգիզ Գահրամանին՝ 9 տարվա, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Դատավճիռը հրապարակվել է այսօր Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում։ Գահրամանը կալանավորվել է անմիջապես դատարանի դահլիճում։
Գործով երրորդ մեղադրյալը՝ Թամելլա Մուսաևան, դատապարտվել է 7 տարվա պայմանական ազատազրկման՝ 4 տարի փորձաշրջանով։
Ըստ դատարանի որոշման՝ Ալիևը պատիժը կկրի ընդհանուր ռեժիմի ուղղիչ հիմնարկում, իսկ Գահրամանը՝ խիստ ռեժիմի։
Իմրան Ալիևը կալանավորվել էր անցյալ տարվա ապրիլի 19-ին։ Ավելի ուշ գործով որպես մեղադրյալ ներգրավվել էին նաև Էլգիզ Գահրամանն ու Թամելլա Մուսաևան։ Մինչև դատավճռի հրապարակումը նրանց նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ոստիկանության հսկողությանը հանձնելը։
Մեղադրանքներն առաջադրվել են Ադրբեջանի քրեական օրենսգրքի ութ հոդվածներով։ Դրանք ներառում են խոշոր չափերով և կազմակերպված խմբի կողմից ապօրինի ձեռնարկատիրությունը, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացումը, կազմակերպված խմբի կազմում մաքսանենգությունը, հարկերի վճարումից խուսափելը, փաստաթղթերի կեղծումն ու կեղծ փաստաթղթերի օգտագործումը։