ՆԳՆ քաղաքական առաջնահերթություններից են անչափահասների նկատմամբ հանցավորության կանխարգելումն ու նրանց իրավունքների պաշտպանությունը։ Այս նախագիծն ուղղված է երեխաների սեռական անձեռնմխելիության պաշտպանությանը և այդ իրավահարաբերություններում որոշակի փոփոխություններ կատարելուն։ Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 12-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Ըստ հիմնական զեկուցողի՝ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դատական պրակտիկայում քիչ չեն այնպիսի դեպքերը, երբ ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ (սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ) և 201-րդ (անառակաբարո արարք կատարելը) հոդվածներով նախատեսված հանցանքների համար մեղադրվող անձինք քրեական պատասխանատվությունից ազատվում են տուժողի հետ հաշտվելու կամ գործուն զղջալու հիմքերով։
Հաշվի առնելով, որ այս հանցագործություններից տուժում են տասնվեց տարին չլրացած երեխաները, որոնք ունեն առանձնապես անպաշտպան կարգավիճակ և մշտապես պետության հատուկ հոգածության ներքո են՝ օրենքի նախագծով առաջարկվում է արգելել քրեական պատասխանատվությունից ազատումը հաշտվելու կամ գործուն զղջալու հիմքերով այն անձանց նկատմամբ, որոնք հանցագործություն են կատարել երեխաների սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ։
«Սա բխում է բացառապես երեխայի լավագույն շահերի պաշտպանությունից, քանի որ յուրաքանչյուր երեխայի անվտանգ, առողջ և արժանապատիվ մանկության երաշխավորումը պետության բացարձակ առաջնահերթությունն է»,- ասել է Արմեն Մկրտչյանը։
Նախագծով առաջարկվում է նաև քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայություններից օգտվելու համար։ Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ նախագծի վերաբերյալ ԱԺ աշխատակազմի վերլուծական-փորձագիտական վարչության առաջարկներն ընդունելի են։ Նա առաջարկել է կողմ քվեարկել նախագծին։
ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալը պատասխանել է պատգամավորների հարցերին։
Հարակից զեկուցող Հասմիկ Հակոբյանը կոչ է արել կողմ քվեարկել նախագծին։
Լրամշակված նախագիծը ստացել է դրական եզրակացություն։
Երկրորդ ընթերցմամբ հանձնաժողովը քննարկել ու դրական եզրակացություն է տվել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ու կից օրենքներում առաջարկվող նոր կարգավորումները։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո փաթեթում բովանդակային փոփոխություններ չեն կատարվել։
Լրամշակելու նպատակով մինչև երկու ամիս ժամկետով հետաձգվել է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ու կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթի քննարկումը։