Արտաքին Ներքին 2 ամիս առաջ - 23:12 08-08-2026

Ալիևը նամակ է գրել Թրամփին, պատմել է Հայաստանի հետ խաղաղության մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված նամակում նշել է Հայաստանի հետ խաղաղ գործընթացի գործնական արդյունքները, որը մեկնարկել է 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի գագաթաժողովից հետո։

Ինչպես հայտնել է APA-ն, Ալիևը հայտնել է, որ անցած տարվա ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման ուղղությամբ զգալի աշխատանք է կատարվել։ Մասնավորապես, Բաքուն վերացրել է իր տարածքով Հայաստան բեռների փոխադրման սահմանափակումները, ինչից հետո սկսվել են Ադրբեջանից Հայաստան նավթամթերքների մատակարարումները, ինչպես նաև երրորդ երկրներից հացահատիկի և այլ ապրանքների տարանցիկ փոխադրումներն Ադրբեջանով դեպի Հայաստան։

Ալիևի խոսքով՝ այս քայլերն արդեն իսկ թույլ են տալիս տեսնել խաղաղության «իրական տնտեսական, առևտրային և այլ առավելությունները»։ Ադրբեջանը, հավելել է նա, «կշարունակի աշխատանքը խաղաղության ամրապնդման, դրա գործնական իրականացման և փոխադարձ վստահության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ»։

Ալիևը նաև նշել է TRIPP նախագծի նշանակությունը՝ այն անվանելով Հարավային Կովկասում խաղաղության օրակարգի առաջմղման ուղղությամբ Թրամփի ջանքերի կարևոր արդյունքներից մեկը։ Նրա խոսքով՝ նախագիծը մեծ նշանակություն ունի տարածաշրջանում բազմակողմ տնտեսական համագործակցության և տրանսպորտային կապերի զարգացման, ինչպես նաև անվտանգության ապահովման համար։

Ադրբեջանի առաջնորդը հատկապես ընդգծել է, որ Վաշինգտոնի գագաթաժողովը «շրջադարձային պահ» է դարձել նաև Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների համար։ Նրա խոսքով՝ հանդիպումից հետո դրանք դուրս են եկել ռազմավարական գործընկերության որակապես նոր փուլ։

Ալիևը հիշեցրել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետագա այցը Ադրբեջան և ռազմավարական գործընկերության խարտիայի ստորագրումը, որն ընդգրկում է ներդրումները, առևտուրը, էներգետիկան, տրանսպորտը, փոխկապակցվածությունը, արհեստական բանականությունը և անվտանգությունը։

Ադրբեջանի նախագահը նաև շնորհակալություն է հայտնել Թրամփին «Ազատության աջակցման ակտի» 907-րդ ուղղման գործողության կասեցումը երկարաձգելու որոշման համար՝ դա անվանելով «կարևոր քայլ պատմական արդարության վերականգնման ճանապարհին»։

Ալիևի խոսքով՝ ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների ներկա մակարդակը երկկողմ դիվանագիտական կապերի 34-ամյա պատմության ընթացքում ամենաբարձրն է։

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
22:40 Մանրամասներ՝ հրшզենային վնшսվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր
15:35 8 կին բնապահպաններ միավորվել են՝ Հայաստանի էկոլոգիական ցավերը COP17-ի օրակարգ բերելու համար
08:48 Օգոստոսին Ուկրաինայի օդային հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 20 ռուս սպա