Ուղիղ եթեր
Ներքին 2 ժամ առաջ - 14:10 24-11-2026

Ադրբեջանի նախաձեռնությամբ իրականացվող «Զանգեզուրի միջանցքը» կապահովի Ադրբեջանի մայրցամաքային մասի և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապը. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուղերձ է հղել Թուրքիայի Իգդիրի համալսարանում անցկացվող «Մետաքսի ճանապարհի վերակենդանացումը» խորագրով կովկասյան միջազգային համաժողովի մասնակիցներին։

Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նա անդրադարձել է թուրք-ադրբեջանական հարաբերություններին և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նշանակությանը։

Ալիևի խոսքով՝ Նախիջևանի հետ Իգդիր նահանգի անմիջական սահմանակցությունը մեծապես նպաստում է երկու երկրների համագործակցության զարգացմանը, որը 2021 թ. ստորագրված Շուշիի հռչակագրով արդեն իսկ բարձրացվել է դաշնակցային մակարդակի։

Անդրադառնալով «Զանգեզուրի միջանցքի» նախագծին՝ Ադրբեջանի նախագահը նշել է, որ դրա իրականացումը կապահովի Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև անխափան հաղորդակցություն, ինչպես նաև կընդլայնի Թուրքիայի հետ ցամաքային կապը։

Նրա գնահատմամբ՝ նախագիծը կարող է նպաստել նաև Միջին միջանցքի հնարավորությունների ընդլայնմանը, միջազգային առևտրի և լոգիստիկ կապերի զարգացմանը։

Ամենից շատ դիտված