Ուղիղ եթեր
Ներքին 26 րոպե առաջ - 13:00 24-11-2026

«Քո Սահմանադրությունը» բելառուսացման դուռ է բացում

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Ասում են՝ Ադամն առաջին գիշերը վախեցել է մթությունից։ Հայտնվել է սատանան և խոստացել, թե դուրս կբերի խավարից, բայց պիտի նստի Ադամի ուսերին, որ տեսնի ճանապարհը։ Այդպես Ադամը չարիքը դրել է ուսերին ու ամբողջ գիշեր քայլել մթության մեջ։ Եվ միայն հաջորդ երեկոյան է հասկացել, որ խաբվել է։

Երկար սպասված «Քո Սահմանադրության» նախագիծը հիասթափություն է առաջացնում ժողովրդավարության ջատագովների սրտերում, քանի որ փոխվել է մարդու իրավունքների նկատմամբ վերաբերմունքը։

Արևմտյան քաղաքակրթության անկյունաքարային փաստաթուղթը Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրն է։ Այսու՝ Մարդը բարձրագույն արժեք է։ Սահմանադրության մեջ այս դրույթի վերաբերյալ հոդվածից կարելի է դատել՝ երկիրը ժողովրդավարակա՞ն է, թե՞ հակաժողովրդավարական և հակամարդկային։

Գործող Սահմանադրության 3-րդ հոդվածով պարզ սահմանված է. «ՀՀ-ում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է: … Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք»:

Փաշինյանի նախագծով այս հոդվածը հետ է գնացել, դարձել հոդված 19 և էապես փոխվել. «Մարդը բարձրագույն արժեք է և ազատ է անելու այն, ինչը չի խախտում այլոց իրավունքները և չի հակասում Սահմանադրությանը և օրենքին»։

Ինչո՞ւ են տեղափոխել այս հոդվածը և աղճատել։

Հոդվածի տեղափոխման ենթադրյալ պատճառն ակնհայտ է։ Փաշինյանի նախագծի առաջին հոդվածները ժողովրդի մասին են։ Այսինքն՝ մարդը ստորադասված է ժողովրդին։ Սա բնորոշ է պոպուլիստներին ու ավտորիտարներին։ Օրինակ՝ խորհրդային բռնազավթման կամ չինական հեղափոխության տարիներին մարդն արժեք չէր, մտավորականներին սպանում էին ու նրանց որակում «ժողովրդի թշնամի»։

Փաշինյանի ուղերձը ներծծված էր ատելությամբ բացասական երևույթների, նախկինների, գործարարների, ընդդիմադիրների, մարդու նկատմամբ։ Եթե մարդիկ վարակվեն ատելությամբ, կուրանան ատելությունից, ապա կանեն այն, ինչ կթելադրի Փաշինյանը, մոռանալով, որ Մարդը բարձրագույն արժեք է։

Նկատենք, որ մարդը արժեք է դարձել ռոմանտիզմի գաղափարախոսության ազդեցությամբ, որտեղ գործող անձինք, երևույթները դիտվել են ռոմանտիզմի լույսի ներքո, ռոմանտիզացվել են։ Այդ ռոմանտիկ հայացքը վերափոխել է աշխարհը, այն դարձրել լուսավոր։ Իսկ Փաշինյանական ատելությունը սևացնում է շուրջբոլորը, ներշնչում վախ, տագնապ։ Այսպիսի լարված իրավիճակում մարդը փնտրում է ձեռք, որը դուրս կբերի իրեն խավարից։ Փաշինյանի ստեղծած պատկերում բոլորը սև են, միայն ինքն է լույսի մեջ։ Հետևաբար՝ մարդը ճարահատյալ բռնում է նրա ձեռքը, թյուրիմացաբար կարծելով, թե նա իրեն դուրս է բերելու մթությունից։

Հոդված 19-ը թույլ է տալու Փաշինյանին խախտելու մարդկանց իրավունքները՝ վերացականորեն պատճառաբանելով, թե նրանք խախտում են ուրիշների, ժողովրդի իրավունքները։ Սա անելու են անկաշկանդ, քանի որ իշխանությունը սահմանափակված չէ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք։

Օրինակ՝ երբ ՌԴ-ում կամ այլ ավտորիտար երկրներում իրավապահն արգելում է խաղաղ ցույցերը, հալածում խաղաղ ցուցարարներին, ապա պատճառաբանում է, թե ցուցարարը խախտում է այլոց իրավունքները։ Այս հակաժողովրդավարական մոտեցումն է արտացոլված հոդված 19-ում, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ Փաշինյանն ուզում է ՀՀ-ն դարձնել՝ Բելառուս։

Կարճ ասած՝ Փաշինյանի ներկայացրած Սահմանադրության հոդված 19-ը տպավորություն է ստեղծում, թե ուզում են, որ ՀՀ-ն հակաժողովրդավարական, բելառուսացման կուրս վարի։ Ինչպես խորհրդային բռնազավթման շրջանում կամ չինական Մշակութային հեղափոխության ժամանակ գտնում էին տականքների, որոնք արդարացնում էին մարդատյաց բռնաճնշումները, այնպես էլ այս Սահմանադրության ընդունումից հետո կստեղծեն ֆեյքեր, որոնք կգոռան, թե իրենց իրավունքները խախտվում են, ու բարձրաձայն կպահանջեն ոտնահարել այն մարդկանց իրավունքները, որոնց տակից մատնացույց կանի Փաշինյանը։


Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
21:10 Սամվել Կարապետյանը դատի է տվել Փաշինյանին՝ պահանջելով հերքել զրպարտությունը
15:00 Գործադիրի միակ թարգմանիչը` այն էլ անհատ ձեռնարկատեր
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը