Արցախում ծնված ՀՀ քաղաքացիների փաստաթղթերի «ծննդավայր» դաշտում նոր կարգավորումներով «Ադրբեջան» է նշվում, ինչը լուրջ դժգոհություններ ու իրավական վեճեր է առաջացրել արցախցիների շրջանում։ Խնդիրը վերաբերում է 2026 թվականի նոյեմբերի 1-ից Հայաստանում գործարկված նոր սերնդի կենսաչափական անձնագրերի տրամադրման համակարգին։
Եթե ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը սա հիմնավորում է միջազգային ստանդարտներով և օտարերկրյա սահմաններին նույնականացման խնդիրներից խուսափելու անհրաժեշտությամբ, ապա իրավապաշտպաններն ու հանրային գործիչները պնդում են, որ միջազգային պահանջները չեն պարտադրում նշել երկիրը, և սա բացառապես ՀՀ իշխանությունների ներքին օրենսդրական ու քաղաքական որոշման հետևանք է։
Խնդրի առնչությամբ իր դժգոհությունն էր հայտնել նաև Արցախի նախկին պետնախարար և ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։ Նա տեղեկացրել էր, որ կենսաչափական անձնագիր ստանալու համար դիմել է «Հայփաս»-ին և միաժամանակ դիմում է ներկայացրել ՆԳՆ՝ պահանջելով իր անձնագրի մեջ ծննդավայրը չնշել Ադրբեջան։
Բեգլարյանը նաև նախազգուշացրել էր, որ մերժման դեպքում պատրաստվում է դատական կարգով վիճարկել այդ ակտը՝ հասնելով ընդհուպ մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Իր գրառման մեջ նա մատնանշել էր նաև պետական մարմինների իրավական անհետևողականությունը՝ ընդգծելով, որ իր՝ 2024 թվականին ստացած ՀՀ անձնագրում ծննդավայրը նշված է «Ստեփանակերտ», իսկ նույնականացման քարտում՝ «Հայաստանի Հանրապետություն»։
Թեմայի մանրամասները պարզելու նպատակով
Oragir.News-ը զրուցել է Արտակ Բեգլարյանի հետ։
Անդրադառնալով ՆԳՆ ուղղված իր դիմումից ակնկալիքներին՝ Բեգլարյանը նշել է, որ սպասում է դրական արձագանքի. «Դրական պատասխան եմ ակնկալում, թող պատասխանեն, հետո կերևա»։
Խոսելով այն մասին, թե ինչով է պայմանավորված նույն պետության կողմից տարբեր տարիներին տրված փաստաթղթերի միջև առկա տարբերությունը և արդյոք այդ փոփոխությունն ունի քաղաքական ենթատեքստ, թե զուտ տեխնիկական բնույթ է կրում, Արտակ Բեգլարյանն ընդգծել է վարչարարական սխալների և քաղաքական դիրքորոշումների փոփոխության փոխկապակցվածությունը։
«Քաղաքական ենթատեքստ, բնականաբար, կա, բայց ավելի շատ վարչարարության սխալներ են և անհետևողականություն, որ չեն կողմնորոշվում, թե ինչ լուծումներ պետք է տան այս դեպքում։ Իսկ քաղաքական առումով, այո, ամեն դեպքում այդ վարչարարությունը գալիս է նաև քաղաքական անորոշություններից․ 2024 թվականին այլ քաղաքական դիրքորոշումներ էին, որոնց համաձայն վարչարարություն իրականացնողները կիսապատրաստ ձևով են կողմնորոշվել, հիմա այլ քաղաքական դիրքորոշումներ կան, ու անընդհատ անհետևողական ձևով վարչարարություն են իրականացնում և մարդու իրավունքները խախտում։ Քաղաքական կոնյունկտուրան չպետք է ազդի մարդու իրավունքների պաշտպանության ու իրացման վրա»,- մեզ հետ զրույցում ասել է Բեգլարյանը։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե կոնկրետ ինչ գրառում պետք է արվի անձնագրի «ծննդավայր» դաշտում և արդյոք այդ տողը դատարկ թողնելը կարող է դիտարկվել որպես ընդունելի տարբերակ, Բեգլարյանը նշել է, որ թեև դաշտը դատարկ թողնելն էլ է լուծում, սակայն դա իր հետևից որոշակի այլ հետևանքներ ու դժվարություններ է բերելու։
Նրա համոզմամբ՝ իրավական ճիշտ ճանապարհը քաղաքացու ծննդյան վկայականի տվյալների վրա հիմնվելն է։
«Լուծումն այն է, որ հիմք ընդունեն մարդկանց ծննդականը․ ծննդականում ինչ գրված է, պետք է դա էլ հիմք ընդունեն։ Իսկ խորհրդային տարիներին ծնվածների մասով՝ ԽՍՀՄ-ը պետք է գրեն, որովհետև միջազգային իրավունքի սուբյեկտը ԽՍՀՄ-ն էր, ոչ թե Ադրբեջանը, և ծննդականը տվել է ԽՍՀՄ-ը, ոչ թե Ադրբեջանը»,- եզրափակել է Արտակ Բեգլարյանը։
Հասմիկ Մովսիսյան