Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմագիտության դոկտոր Հայկ Դեմոյանը գրում է. «Աննան ու Ժաննան, փեղկն ու մեղքը
Տիկին Վարդապետյան,
Տեղյա՞կ եք արդյոք, որ ցանկացած հասարակության շրջանում բազմաչափ աղքատությունը նաև մշակութային կյանքի հասանելության պակասի հետևանքով է առաջանում: Այն առաջանում է նաև սուղ բյուջետային միջոցների աննպատակ վատնումների, կամ հանցավոր գործարքի արդյունքում դրանք յուրացնելու հետևանքով:
Արդեն երեք ամիս է ՀՀ փառապանծ դատաիրավական համակարգը հրաժարվում է քրեական գործ հարուցել ու քննել ՀՀ պետական պահուստային ֆոնդից կես միլիոն դոլար արժողությամբ դռան փեղկ գնելու գործարքի հանգամանքները: Իբր հայկական դռան փեղկը, ինչպես նաև դրա դիմաց վճարված գումարի չափը, մեղմ, շատ մեղմ ասած, վիճելի են:
Ի դեպ, բազմաչափ աղքատությունը առաջանում է նաև նախընտրական քարոզարշավի ժամանակ իշխող կուսակցության պարագլխի համար PR անելու համար նման տկարամիտ գնումների հետևանքով:
Գործի առնչությամբ ամենայն մանրամասնությամբ բացատրել եմ հնարավոր հանցավոր գործարքի հետ կապված բոլոր վիճելի ու ոչ հավաստի դրվագները, նշել եմ, որ այդ քրեական գործը կանխարգելիչ քայլ պետք է լինի այդ դռան երկրորդ մասը նույն չափի գումարի դիմաց ձեռքբերումը կանխարգելելու համար:
Այդ նպատակով առաջարկել եմ կալանք դնել գործարքի մեջ ներգրավված Նիկոլ Փաշինյանի, Արայիկ Հարությունյանի ու Ժաննա Անդրեասյանի գույքի վրա, բայց մշտարթուն մեր իրավապահները տեղից չեն շարժվում, իսկ ԱԺ ընդդիմադիր պատգամավորներն էլ համառորեն չեն անդրադառնում այս հարցին, այն պարագայում, երբ Նիկոլ Փաշինյանը, Ժաննա Անդրեասյանն ու Արայիկ Հարությունյանը ԱԺ նիստերի դահլիճում են:
Հիմա ի՞նչ անենք, թողնենք, որ պետական պահուստային ֆոնդից մի կես միլիոն էլ թալանեն: Դու՞ք էլ եք ցանկանում մասնակցել հայ հասարակության շրջանում բազմաչափ աղքատության ծավալների մեծացմանը»: