Նոյեմբերի 29-ին Շիրակի մարզի Ամասիա և Աշոցք խոշորացված համայնքներում ՏԻՄ ընտրություններ են։ Եթե Ամասիայում ընտրապայքարը վերածվել է քաղաքական հետաքրքիր վերադասավորումների, ապա Աշոցքում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մրցակից չունի․ համայնքում առաջադրվել է միայն ՔՊ-ն։
Այսինքն` մի համայնքում նախկին քաղաքական հակառակորդները փոխել են իրենց դիրքերը, մյուսում իշխանական ուժը ընտրություններին գնում է առանց այլընտրանքային քաղաքական ուժի։ Ինչպես դա եղավ Ախուրյանում։
Ամասիայում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն գործող համայնքապետ Ջեմմա Հարությունյանն է։ Հատկանշական է, որ Հարությունյանը նախկինում հանդես է եկել ընդդիմադիր դիրքերից և 2021 թվականի ՏԻՄ ընտրություններին մասնակցել է «Ամասիա-Արփի» դաշինքի կազմում։
Այս անգամ, սակայն, նա ոչ միայն ՔՊ-ի թեկնածուն է, այլև գլխավորում է կուսակցության 45 հոգանոց ընտրական ցուցակը։Քաղաքական դիրքորոշման փոփոխությունից ընդամենը կարճ ժամանակ անց Հարությունյանը հայտնվել է այն ուժի թիմում, որի դեմ նախկինում պայքարում էր։
Ջեմմա Հարությանը
Oragir.News-ին տված հարցազրույցում մեկնաբանել էր, թե ինչու է փոխվել իր քաղաքական դիրքորոշումը։ «Իմ քաղաքական հայացքները փոխվել են, ես կողմ եմ խաղաղությանը»,-
ասել էր Հարությունյանը։
Ջեմմա Հարությունյանի մրցակիցը «Բարոյական արժեքներ» կուսակցության ցուցակը գլխավորող Սամվել Ղարիբյանն է։ Վերջինս նախկին ՔՊ-ական է, ղեկավարել է կուսակցության Ամասիայի կառույցը, սակայն ՔՊ-ի կողմից չառաջադրվելուց հետո հայտարարել է կուսակցությունից դուրս գալու մասին։ Այժմ նա ընտրապայքարի մեջ է մտել արդեն ընդդիմադիր դիրքերից։ Սամվել Ղարիբյանը նախկին համայնքապետ Մերգել Ղարիբյանի եղբայրն է։
Ամասիայում պայքարը ծավալվում է ոչ միայն երկու քաղաքական ուժերի, այլև նախկինում տարբեր քաղաքական դիրքերում հայտնված գործիչների միջև։ ՔՊ-ի թեկնածուն նախկին ընդդիմադիր է, իսկ նրա մրցակիցը՝ նախկին իշխանական։ Ամասիայում ՔՊ-ն ներկայացրել է 45 հոգանոց, իսկ «Բարոյական արժեքներ» կուսակցությունը՝ 36 հոգանոց ընտրական ցուցակ։ Համայնքի ավագանու կազմում ընտրվելու է 15 անդամ։
Աշոցքում պատկերը բոլորովին այլ է։ Այստեղ ընտրություններին մասնակցում է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ ՔՊ-ի 45 հոգանոց ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Կարեն Մանուկյանը, որը համայնքը ղեկավարում է 2018 թվականից։
Մանուկյանը Շիրակի նախկին մարզպետ, ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանի ընկերն է։ Սարուխանյանի՝ մարզպետի պաշտոնում նշանակվելուց հետո Մանուկյանը նշանակվել էր Աշոցքի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ 2019 թվականին ընտրվել համայնքի ղեկավար։
2021 թվականի ՏԻՄ ընտրություններին Աշոցքում ՔՊ-ն մրցակից ուներ․ ընտրապայքարին մասնակցել էր նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Այս անգամ, սակայն, համայնքում որևէ այլ քաղաքական ուժ չի առաջադրվել։
Ստացվում է՝ նոյեմբերի 29-ին Ամասիայում ընտրողները պետք է որոշեն՝ վստահե՞լ քաղաքական դիրքորոշումը փոխած գործող համայնքապետին, թե՞ նախապատվությունը տալ նախկին ՔՊ-ականին, իսկ Աշոցքում ընտրական մրցակցության բացակայության պայմաններում ՔՊ-ն կրկին փորձում է ամրապնդել իր իշխանությունը։
Երկու համայնքների ընտրությունները ցույց են տալիս Շիրակի մարզի քաղաքական պատկերի տարբեր կողմերը․ Ամասիայում՝ փոխված քաղաքական դերեր ու մրցակցություն, Աշոցքում՝ իշխանական մեկ ուժ և առանց մրցակիցների ընտրապայքար։
Անահիտ Չալիկյան