Փաշինյանի ձեռքը պետք է բռնել․ նա Ալիևի պահանջով Արցախի հարցը մեկընդմիշտ փակում է
copy image url

Փաշինյանի ձեռքը պետք է բռնել․ նա Ալիևի պահանջով Արցախի հարցը մեկընդմիշտ փակում է

Խոսք Ներքին Արտաքին 3 ամիս առաջ - 15:00 10-01-2025

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Նիկոլ Փաշինյանը նախօրեին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի սպառնալից հայտարարություններից երկու օր անց, փաստացի համաձայնեց կատարել վերջինիս հերթական պահանջը՝ առաջարկելով լուծարել Արցախի հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խումբը։

Տարածաշրջանում խաղաղություն հաստատելու նպատակով կառավարության ղեկավարը Բաքվին Հայաստանի Հանրապետության անունից 12 կետանոց առաջարկ է ներկայացրել, որի վերջին կետը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն է։

Oragir.News-ի հետ զրույցում միջազգայնագետ, քաղաքական վերլուծաբան Դավիթ Կարապետյանը Նիկոլ Փաշինյանի առաջարկը չափազանց մտահոգիչ որակեց՝ նշելով, որ նա փասացի հաստատեց, որ Հայաստանի Հանրապետությունը կողմ է Ալիևի պահանջի կատարմանը՝ կապված Արցախի հակամարտության փակման ու ԵԱՀԿ Մինսկի խմբի լիկվիդացման հետ։ Նա շեշտում է՝ ԵԱՀԿ Մինսկի միակ միջպետական կառույցն է, որը հակամարտության կարգավորմամբ զբաղվելու միջազգային մանդատ ունի, սակայն այժմ դրա լիկվիդացման վերաբերյալ երկուստեք հայտարարություն հնչեց։

«Այսինքն՝ ստարտը՝ մեկնարկը, կարելի է համարել տրված, որովհետև եղավ առաջարկ, հիշում եք՝ Ալիևը առաջարկով հանդես եկավ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համատեղ դիմում ներկայացնեն ու երեկ Նիկոլ Փաշինյանն իր բազմակետանոց պատասխանի վերջին կետում փաստացի համաձայնություն տվեց դրան։ Շատ վատ եմ գնահատում սա, հույս ունեմ՝ հանրությունը գոնե գիտակցում է, որ այս պահին սա նշանակում է հակամարտությունն արմատապես լիկվիդացված է, խնդիրը լուծված է, հակամարտություն գոյություն չունի։ Այստեղ ամենախնդրահարույցն այն է, որ Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս, նրանց համար աշխարհագրորեն Արցախն այլևս գոյություն չունի (ՀՀ գործող իշխանությունների մասին է խոսքը-Դ․Կարապետյան), հիմա դա արտացոլում են նաև փաստաթղթերով ու ցանկանում են Արցախի հակամարտությունն ու դրա հանգուցալուծումը մեկընդմիշտ վերացնել՝ հաշվի չառնելով տեղի ունեցած էթնիկ զտումը»,- ասաց նա։

Միջազգայնագետը շեշտում է՝ անձամբ ակնկալում էր, որ Հայաստանի ղեկավարը պետք հայտարարեր, որ ԵԱՀԿ Մինսկի համանախագահները պետք է ժամանեն տարածաշրջան ու զբաղվեն իրենց առաքելությամբ։ Նա ուշադրություն է հրավիրում այն բանին, որ Արցախի հակամարտությունը նոր փուլ է մտել և սրվել, որը հստակ լուծումներ է պահանջում․ «Այս պարագայում ես չգիտեմ՝ այս պրոցեսը ուր կտանի, ինչ ժամանակահատվածում ձեռնամուխ կլինեն Մինսկի խմբի լուծարմանը, բայց օր առաջ Նիկոլ Փաշինյանի ձեռքը պետք է բռնվի ու կտրվի, որ նա հանկարծ չմակագրի դա՝ որպես գործառույթ։ Եթե նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո նրա ձեռքը կտրող չի եղել, երբ խոստանում էր կանգնել հրապարակում ու Արցախի հետ ցանկացած առաջարկի մասին տեղեկացնել ժողովրդին, բայց գաղտագողի նման փաստաթուղթ ստորագրեց, հիմա այս անգամ նրա ձեռքը չգիտեմ ով ու չգիտեմ ինչպես, պետք է կտրի և Մինսկի խմբի լուծարման փաստաթուղթը նա չպետք է ստորագրի»։

Oragir.News-ի հարցին՝ Ալիևի պահանջների կատարումը պատերազմի վտանգը չի՞ մեծացի՝ մեր զրուցակիցը պատասխանեց՝ չի կարծում, որ կոնկրոտ այս պահանջը չկատարելու դեպքում պատերազմ է լինելու։ Նա հիշեցրեց՝ նույն տրամաբանությամբ Ալիևը պահանջում է, որ հայ-ադրբեջանական ողջ սահմանից ԵՄ դիտորդական առաքելությունն էլ դուրս բերվի, սակայն այս հարցում հայկական կողմը չի շտապում։

«Բա ո՞նց ստացվեց, որ կոնկրետ այս դեպքում հայտարարում են, որ քանի դեռ սահմանազատման աշխատանքները մինչև վերջ չեն իրականացվել, ԵՄ մշտադիտարկող մոնիթորինգային խումբը դուրս չի գալու սահմանից։ Նույն հաջողությամբ Ալիևը հոխորտում էր, որ անգամ դա պատերազմի համար պատճառ կլինի՝ առանց հաշվի առնելու նրանց կարգավիճակը ու այնտեղ գտնվելը, անգամ նրանց վրա կրակելու անոնսը տվեց Ալիևը։ Ո՞նց է ստացվում, որ անգամ այս դեպքում դա չի քննարկվում, դիտորդներին դուրս բերելու որոշում վարչապետը չի կայացնում, բայց ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելուն համաձայն է։ Որովհետև՝ նա Արցախի հարցը համարում է փակված, նրա համար Արցախյան հակամարտություն այլևս գոյություն չունի»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ Ալիևը միշտ էլ նման պահանջներ ներկայացրել է ու սպառնացել պատերազմով։

Դավիթ Կարապետյանը կարծում է, որ այժմ Արցախի բնակչությունը, արցախյան հասարակական կազմակերպությունները ու բոլոր այն անձինք, ովքեր շահագրգռված են Արցախի հակամարտությամբ, պետք է ոտքի կանգնեն․ «Նրանք հիմա պետք է ոտքի կանգնեին, բողոքի ալիք, ցասում առաջանար։ Ես չգիտեմ՝ կարող է վաղը, մյուս օրը սա արդեն ժամանակավրեպ լինի, որովհետև այս մարդն ինչ անում է, հաջորդիվ տեսնում է, որ ոչ մի արձագանք չկա, դրա համար էլ իր ձեռքերը ազատ են։ Բայց նորից եմ ասում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման ստորագրությունը եթե դրվեց, դա ճակատագրական է լինելու, Արցախյան հակամարտության ողջ պատմության վրա խաչ է քաշվելու, ու հետագայում շատ բարդ խնդիրների ենք բախվելու, քանի որ իրենցից հետո գալու են պետականամետ ու ազգային շահերով շարժվող իշխանություններ, որոնց համար այն դեռևս լուծված չէ։ Իմ համար՝ որպես քաղաքական գործիչ ու վերլուծաբան, Արցախյան հակամարտությունը հանգուցալուծված չէ, ընդհակառակը՝ այն նոր փուլ է մտել ու դրան պետք է լուծում տրվի»։

Իր խոսքն ամփոփելով՝ մեր զրուցակիցը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կոչ արեց ժամանել տարածաշրջան ու զբաղվել իրենց պարտավորությունների կատարմամբ՝ անկախ եղած տարաձայնություններից ու առկա աշխարհաքաղաքական իրավիճակից։

Դավիթ Գույումջյան




Ամենից շատ դիտված

16:30 Անգրագիտությո՞ւն, թե՞ միլիարդների մսխում․ 100 դրամով տրանսպորտից ավելի շատ գումար էր հավաքվում, քան 150-ով
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
23:56 Որպես սննդամթերք աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը՝ կրկին հայկական շուկայում
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ
12:02 Ձենդ կտրի՛ր, հլը, չընդհատես ինձ, եկել են այստեղ՝ վնգստում են․ Զարուհի Փոստանջյանը սաստեց ՔՊ-ականին
22:09 Արտագաղթ. Հայկավանում օր օրի ավելանում է փակ դռների թիվը. տեսանյութ
19:26 Լիլիթ Հովհաննիսյանը կնկարահանվի հոլիվուդյան ֆիլմի գլխավոր դերում
13:45 Ի՞նչ տարբերություն՝ Քասախ, թե Երևան․ ստեղից 2 քայլ վազելով մտնում ես Երևան․ քասախցի
23:32 Գյուղում 50 տղա ու էդքան էլ չամուսնացած աղջիկներ ունենք, մարդիկ վախենում են ընտանիք կազմել. Հայկավանի բնակիչ