Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 00:28 14-10-2022

Պետք է ցանկանալ բռնել մեկնած ձեռքը․ իրանագետ

«Թե՛ պատերազմի շրջանում, թե՛ պատերազմից հետո Իրանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն իր կարմիր գծերն են։ Սակայն ինչքան էլ Իրանը դա հայտարարի, հայկական կողմը ևս պետք է դրան կողմ լինի»։ Oragir.news-ի հետ զրույցում այս մասին ասաց իրանագետ Հարություն Առաքելյանը։

«Եթե կողմ չլինի, Իրանը տարածաշրջանում որևէ բան չի կարող անել միակողմանիորեն։ Իրանն այս պահին նաև մտահոգություն ունի, որ Հայաստանի կողմը փորձելու է այնպիսի պայմանավորվածություն ձեռք բերել Արևմուտքի հետ, որը կարող է վտանգել իր ազգային անվտանգությունը։ Հետևաբար, այս շրջանում այդ երկիրը փորձում է ավելի շատ խոսել ու հայկական կողմին հորդորել, որ գործնական քայլեր ձեռնարկվեն»,-ասաց իրանագետը։

«Այս առումով՝ Իրանի ու Հայաստանի շահերը համընկնում են»,- համոզմունք է հայտնում Հարություն Առաքելյանը։

Ըստ նրա՝ անհրաժեշտ է, որ այդ շահերի իրագործման համար ջանքերը գործադրվեն երկու կողմերի համատեղ ջանքերով։

«Եթե մենք ցանկանում ենք պահպանել մեր տարածքային ամբողջականությունը, պետք է թույլ տանք, որ մեր հարևանները, որոնց շահերից նույնպես դա է բխում, դրսևորվեն ու աջակցեն մեզ այդ հարցում։ Այս առումով մենք ևս պետք է նախաձեռնող լինենք ու մեկնած ձեռքն ընդունենք։ Եթե ոչ, հետագայում չենք կարող մեղադրել այդ երկրին մեզ անհրաժեշտ աջակցություն չցուցաբերելու մեջ»,- ասաց փորձագետը։

Հարություն Առաքելյանի խոսքով՝ այս ընթացքում Իրանը Հայաստանին աջակցելու առաջարկներով հանդես է եկել բազմաթիվ անգամներ։

«Սկսած զինամթերքից մինչև այլ առաջարկներ։ Տնտեսական հանձաժողովներն այսօր էլ են աշխատում։ Բայց այս պահին մեր տարածքային ամբողջականության պահպանման ու անվտանգության առաջնայնության պայմաններում, տնտեսական հարցերը երկրորդային հարցեր են։ ՄԵնք այժմ պետք է կարողանանք Իրանի հետ ռազմավարական հարաբերություններ մշակել։ Հրթիռային համակարգերից մինչև ռազմական օգնություն և խորհրդատվություն։ Բայց դա մեր ցանկությամբ պետք է լինի։ Որովհետև միակողմանիորեն մեր տարածքում կատարած ցանկացած քայլ կարող է, օրինակ, թույլ տալ, որ Թուրքիան նույն ձևով իրեն դրսևորի ու այս տարածքում ինքնագլուխ փորձի իր նպատակներն իրագործել»,- համոզմունք հայտնեց փորձագետը։

Այդուհանդերձ, Առաքելյանի խոսքով, Իրանը կարող է միակողմանիորեն գործել, երբ, օրինակ՝ հասկանա, որ Հայաստանի վարած քաղաքականությունը վնասում է իր ազգային անվտանգությունը։

«Դա արդեն հաստատ մեր օգտին չի լինելու։ Եվ, մենք պետք է խելամիտ գտնվենք ու այս պահին գործի դնենք մեր դիվանագիտաական ներուժը»,- ասաց նա։

«Իրանի սահմանին կուտակված զորքն այդ երկրի սահմանները պաշտպանելու նպատակ ունի,- հստակեցնում է փորձագետը։

Հավելում է, այս առումով այլ հույսեր փայփայել պետք չէ։

«Երբ պատերազմից սկսած ահաբեկիչներ են կուտակվում Արցախի գրավյալ տարածքներում՝ Իրանի սահմանի վրա՝ շատ բնական է, որ այդ երկիրը պետք է իր անվտանգությունն ավելի ուժեղացնի, որպեսզի որևէ ոտնձգություն տեղի չունենա դեպի իր տարածք։ Անպայման չէ, որ նա այնտեղից Հայաստան մտնի։ Երազանքները, որ իրենք պետք է գան ու փրկեն մեզ՝ սին են»,-ասաց իրանագետը։

Ըստ նրա՝ դրա համար կան հատուկ ընթացակարգեր։ Դրանցից մեկը զորավարժությունն է։

«Դա պետք է կարողանաս քո հարևանի հետ իրականացնել, որ ցույց տաս, որ դու այդ երկրի հետ ռազմավարական հարաբերույթուններ ունես»,- ասաց նա։

Դեռևս Արցախի պատերազմից սկսած ամբողջ գործընթացը միայն Հայաստանի դեմ չէ իրականացվում,- համոզված է Հարություն Առաքելյանը։ Ըստ նրա՝ Արցախի խնդիրն այդ լայնածավալ ծրագրի մի մասն է միայն։ Ոչ պակաս վնաս կարող է կրել նաև Իրանը։

«Նպատակ կա նաև Իրանին ամբողջությամբ շրջափակելու և Չինաստանի տնտեսական առևտրային ուղիները սահմանափակելու։ Հետևաբար, ցանկացած միջանցքի գոյությունն Իրանը դիտարկելու է որպես նաև իր ազգային անվտանգության խնդիր։ Այս պահին այդ երկիրը պաշտպանելով Հայաստանի տարածքային ամբողջականությունը, պաշտպանում է նաև իր ազգային անվտանգությունը։ Եթե Գորիս- Կապան ճանպարհն արդեն ադրբեջանական կողմն իր վերահսկողության տակ է պահել՝ դա միջազգային ճանապարհ է, որտեղով իրականացվում են նաև Իրանի բեռնափոխադրումները։ Այդ ճանապարհը փակվելով փակվում է նաև Իրանի տնտեսական շնչափողերից մեկը»,-եզրափակեց Առաքելյանը։

Ձեզ գուցե հետաքրքրի