Եկեղեցու ժեստը չգնահատվեց․ Լեհաստանի նախագահը չհանդիպեց վեհափառի հետ
copy image url

Եկեղեցու ժեստը չգնահատվեց․ Լեհաստանի նախագահը չհանդիպեց վեհափառի հետ

Ներքին Խոսք 4 ամիս առաջ - 20:00 29-11-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան նոյեմբերի 26-ին պաշտոնական այցով հանդիպել էր Հայաստան, հանդիպումներ ունեցել մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Հատկանշական է, որ Դուդան Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ արարողակարգային հանդիպում չունեցավ, ինչն իրարամերժ գնահատականների պատճառ դարձավ։

Oragir.News-ի հետ զրույցում Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը շեշտեց՝ սա վկայում է այն մասին, որ հայկական դիվանագիտության ավանդույթները փոխվել են։ Նա հիշեցնում է, որ մինչև այժմ, երբ որևէ երկրի ղեկավար կամ բարձրաստիճան այլ պաշտոնյա Հայաստան էր այցելում պետական կամ պաշտոնական այցի ձևաչափով, ապա արարողակարգով հանդիպում էր լինում նաև Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ։

«Առավել ևս Լեհաստանի պարագայում, որը քրիստոնեական պետություն է և մեծ կապեր ունի եկեղեցու հետ, ես վստահ եմ՝ նախագահը մեծ ցանկություն կունենար այցելելու Մայր Աթոռ, բայց Հայաստանի ԱԳ նախարարությունը դա հանել է դիվանագիտական արարողակարգից։ Սա միայն Լեհաստանի նախագահին չի վերաբերում․ կաթողոսիկոսի հետ չի հանդիպել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ղազախստանի նախագահը, Վրաստանի վարչապետը։ Այսինքն՝ օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարներն այլևս Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ չեն հանդիպում»,- ասաց նա։

Էդգար Ղազարյանն ուշադրություն է հրավիրում մեկ այլ առանձնահատկության վրա․ Հայաստան այցելող հյուրերին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանում են՝ մինչև այցի պաշտոնական մասի մեկնարկը։ Նրա խոսքով՝ նույնը տեղի է ունեցել Լեհաստանի նախագահի պարագայում․ «Եթե ուշադրություն դարձնեք, կտեսնեք՝ ինքն առավոտյան այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, նոր նախագահական պալատում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելության արարողությունը։ Այսինքն՝ որպեսզի Ծիծեռնակաբերդ այցելելը պաշտոնական մասին չվերաբերվի, ստացվի, որ նա գնացել է Ծիծեռնակաբերդ, ինչից հետո միայն նրա այցը մեկնարկել է։ Պարզ է, չէ՞, թե սա ինչի համար է արվում»։

Մեր զրուցակիցը վստահ է, որ Լեհաստանի նախագահը ցանկացել է Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ հանդիպել, սակայն Հայաստանի իշխանությունները դա թույլ չեն տվել։ «Լեհաստանի պարագայում ես առավել քան վստահ եմ, որովհետև նախագահին անձնապես ճանաչում եմ ու երբ նրա հետ առաջին անգամ հանդիպեցի, նա դեռ նախագահի թեկնածու էր, նա Հայաստանի մասին իր հիշողությունների մասին խոսելիս տպավորված էր հատկապես Մայր Աթոռում կատարած այցից։ Նա ինքը հոգով հավատացյալ է, միշտ մասնակցում է եկեղեցական արարողություններին, պատարագներին և այլն, իսկ Հայաստանը՝ որպես առաջին քրիստոնյա երկիր, ինչպես ողջ լեհ ժողովրդի, այնպես էլ նախագահի համար շատ կարևոր երկիր է։ Ուստի ես վստահ եմ՝ իր որոշման պարագայում նա անպայման կուզենար հանդիպել Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ, բայց քանի որ այցի ծրագիրը հյուրընկալող երկիրն է սահմանում՝ իր արարողակարգի առանձնահատկություններով, պետք է արձանագրենք, որ կաթողիկոսի հետ հանդիպումները պետական արարողակարգի ծրագրերից դուրս են բերված, դա քաղաքական որոշում է՝ այս իշխանությունների մոտեցումը»,- ասաց նա։

Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպանն արձանագրեց նաև, որ սրանով իշխանությունները փաստացի մերժեցին եկեղեցու մեկնած ձեռքը։ Նա շեշտում է, որ թեպետ եկեղեցին իր կողմից քայլ արեց և մյուռոնօրհնեքի արարողություններին իշխանություններին նույնպես հրավիրեց՝ հարգելով արարողակարգը, սակայն իշխանությունը դրան համարժեք չարձագանքեց։

«Իրենք իրենց կողմից ձեռք մեկնեցին, ժեստ ցույց տվեցին ու իշխանությունների հետ ունեցած հարաբերությունները մի կողմ թողնելով՝ իշխանության ինստիտուտի նկատմամբ հարգանք դրսևորեցին, սակայն փոխադարձաբար նույն վերաբերմունքին չարժանացան։ Այսինքն՝ երբ գալիս պաշտոնյաների գործողությունների ժամանակը, նրանք եկեղեցուն հակադիր քայլեր են անում ու դրանք անում են գիտակցված, մտածված և ինստիտուցիոնալ կերպով»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:30 Անգրագիտությո՞ւն, թե՞ միլիարդների մսխում․ 100 դրամով տրանսպորտից ավելի շատ գումար էր հավաքվում, քան 150-ով
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ
12:02 Ձենդ կտրի՛ր, հլը, չընդհատես ինձ, եկել են այստեղ՝ վնգստում են․ Զարուհի Փոստանջյանը սաստեց ՔՊ-ականին
23:56 Որպես սննդամթերք աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը՝ կրկին հայկական շուկայում
19:26 Լիլիթ Հովհաննիսյանը կնկարահանվի հոլիվուդյան ֆիլմի գլխավոր դերում
22:09 Արտագաղթ. Հայկավանում օր օրի ավելանում է փակ դռների թիվը. տեսանյութ
13:45 Ի՞նչ տարբերություն՝ Քասախ, թե Երևան․ ստեղից 2 քայլ վազելով մտնում ես Երևան․ քասախցի
13:44 Գնացե՛ք, 7 դուռ մոմ վառեք, որ Փաշինյանի օրոք եք ընդդիմություն․ Քրիստինե Վարդանյան