Վերջին շրջանում տարբեր քաղաքացիներ սոցիալական իրենց էջերում ահազանգում են Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի գործունեության արդյունքում իրենց շների «անհետացման» դեպքերի մասին։
Oragir.News-ի խմբագրություն է ահազանգել Երևանի բնակիչ Անժելա Շահինյանը, որը նշում է՝ իր և իր գործընկերների խնամակալության տակ գտնվող շունը, որին ինքը պատրաստվում էր որդեգրել, կենտրոն տեղափոխվելուց հետո «անհետացել է»։
Մեզ հետ զրույցում Անժելա Շահինյանը ներկայացրել է դեպքի բոլոր մանրամասները։
«Մոտավորապես երկու ամիս առաջ իմ աշխատավայրի տարածքում հայտնվել էր մի շուն, որը կերակրվում էր, իսկ վերքերը մշակվում էին կազմակերպության աշխատակիցների կողմից։ Երկու-երեք անգամ տեսնում եմ այդ շունիկին ու խնդրում եմ ադմինիստրացիային, որ թույլ տան շան համար տարածքում բուն սարքել, ուտելիք տալ, տեր կանգնել։ Այդ ընթացքում համացանցում պատահական տեսնում եմ հրապարակումներ, որոնցով այդ նույն շան համար փնտրում են լավ տիրոջ, քննարկում են տարբեր շրջաններ, ուր ուղարկելու էին այդ շանը։ Ի վերջո, այդ քննարկմանը մասնակցում էին այսպես կոչված «կռվացնողներ», «բուծողներ»՝ հաշվի առնելով, որ էգ էր։ Ես էլ մեկնաբանությունների բաժնում գրում եմ, որ շան որդեգրմամբ կզբաղվեմ ես։ Մինչ ՀՈԱԿ տեղափոխելը մի քանի աշխատակից գումար են հավաքել, շանը տարել մասնավոր կլինիկաներ՝ տարբեր հետազոտությունների»։
Քաղաքացու խոսքով՝ «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի հետ իր առնչությունը հաջորդիվ է կատարվում, երբ ինքը պատրաստվում է շան որդեգրմամբ զբաղվել․
«Զանգում եմ կենտրոն, հասցե եմ նշում, շնից վիդեո եմ ուղարկում և խնդրում, որ իրեն տանեն, ստերջացնեն, որպեսզի հետո որդեգրեմ շանը ու պահեմ իմ տան տարածքում։ Գալիս է ՊՈԱԿ-ի մեքենան, աշխատակիցները տանում են շանը կենտրոն»։
Անժելա Շահինյանը այս պատմության մեջ պարբերաբար նշում է նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ոստիկանության անչափահասների բաժնի պետ Մարթա Մելիքսեթյանի անունը, որը, քաղաքացու պնդմամբ՝ համագործակցում է կենտրոնի հետ։
«Զանգում եմ նրան և պատմում եմ, որ շանն ուղարկել եմ կենտրոն։ Խնդրում եմ փոխանցել փոխտնօրենին, որ երկու-երեք օր շանը երկար պահեն, որ վերքերն ապաքինվեն, նոր որդեգրեմ։ Ասում է՝ խնդիր չկա։ Ուղարկում եմ անձնագիրս, որ մոտենամ, ստորագրեմ փաստաթղթերն ու շանս վերցնեմ։ Անցնում է 5-6 օր, բայց արձագանք չկա։ ՀՈԱԿ-ի էջին եմ գրում, Մարթային եմ գրում․ նորից արձագանք չկա։ Երկու օր անց Մարթան ձայնային հաղորդագրությամբ տեղեկացնում է ինձ, որ փոխտնօրենը քաղաքում չէ, իսկ տնօրեն Հարութը իրեն ասել է, որ զբոսանքի ժամանակ շունը փախել է։ Այդ պահից տարաձայնություններով խոսակցություն է ընդլայնվում մեր մեջ։ Զանգում ու գրում եմ ՀՈԱԿ-ին, Հարութ Առաքելյանին, բայց ողջամիտ պատասխան չկա մինչ այս պահը»։
Քաղաքացին պատմում է նաև, որ ոստիկանության աշխատակցի փոխանցմամբ՝ շնով հետաքրքրված են եղել տարբեր քաղաքացիներ, ինչից ինքը անձամբ տեղյակ է եղել․
«Ես, իհարկե, գիտեի այդ մասին, որովհետև գոնե թե 100 աշխատակից հետաքրքրված էր այդ հյուծված շնով։ Պարզապես զարմանում եմ, որ շանը վիրահատված տարել են զբոսանքի։ Մարթան էլ ինձ վստահեցնում էր, որ շանը հաստատ չեն քնացրել, որդեգրման չեն տվել։ Զարմանում եմ նաև, որ որևէ տեսախցիկ չի ֆիքսել շան փախուստը»։
Անժելա Շահինյանը նշում է, որ իրեն ներսից փոխանցել են՝ որևէ ստերջացված շուն զբոսանքի չի տարվում, որովհետև այդ շունը կենտրոնում է պարզապես վիրահատվելու նպատակով․
«ՀՈԱԿ-ի ներսում բոլորն էլ գիտեին՝ ես եմ շանը որդեգրողը, իմ փաստաթղթերը իրենց մոտ էր։ Շունը բավական մեծ էր․ ասեղ չէր, որ աննկատ կորչեր այդ տարածքից։ Ֆիզիկապես չեմ հասցնի ընկնել դատարաններ, բայց հնարավորություններիս չափով խոսելու ու բարձրաձայնելու եմ եղածի մասին»։
Քաղաքացին նշում է նաև, որ թեպետ կենտրոնի տնօրեն Հարություն Առաքելյանը իր զանգերին ու նամակներին չի պատասխանում, ֆեյսբուքում իր գրառումների մեկնաբանությունների հատվածին շատ ուշադիր է․
«Ջնջում է բոլոր մեկնաբանություններս ու նաև այն գրառումները, որտեղ իր էջը նշված է։ Կոնկրետ այսօր երկու անգամ մեկնաբանություն է ջնջել, բայց ես բոլորի սքրիններն ունեմ ու ամեն ասածիս համար փաստերով ապացույցներ ունեմ»,- մեզ հետ զրույցում ասում է Անժելա Շահինյանը։
Oragir.News-ը պատրաստ է լսել նաև հակառակ կողմի կարծիքը։