Երևան +16°
copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 22:08 05-04-2024

Հաճելի երևույթ չէ. թատրոնների ղեկավարները՝ «Գոյ»-ի լուծարման մասին

Շուրջ մեկ տարի է՝ «Գոյ» թատրոնի շուրջ կրքերը չեն հանդարտվում, իսկ բոլորովին վերջերս Կառավարության 701-ն որոշմամբ՝ թատրոնը՝ որպես ՊՈԱԿ, լուծարվեց և միացավ մայր թատրոնին։

Այս իրավիճակի վերաբերյալ տարբեր անհատ արվեստագետներ բազմիցս արտահայտել են իրենց կարծիքը, սակայն որևէ կոլեգիալ կարծիք տարբեր թատրոնների կողմից չի հնչել։

Oragir.News-ը այսօր զրուցել է հանրապետության մի շարք պետական թատրոնների ղեկավարների հետ, որոնք իրենց տեսակետն են հայտնել իրավիճակի վերաբերյալ։

Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայան․

««Գոյ» թատրոնի աշխատակիցներին էլ, որոնց մեջ կան ինձ շատ մոտիկ մարդիկ, ասել եմ, որ ես ոչ մի գնահատական չեմ կարող ասել, քանի որ թատրոնի գեղարվեստական ղեկավարը իր հրապարակային ելույթներում զրկել է ինձ որևէ կարծիք հայտնել այդ թատրոնի մասին։ Ես իմ ամբողջ կյանքում երբեք իմ կոլեգաների մասին ոչ միայն վիրավորական բան չեմ ասել, այլև քննադատական որևէ խոսք հրապարակայնորեն չեմ ասել։ Ցավոք սրտի, նա խախտել է էթիկական նորմերը և դրանով իսկ ինձ դրել է մի վիճակի մեջ, երբ ես բացարձակապես որևէ ցանկություն չունեմ արտահայտվելու այդ թեմայով։ Նախկին գեղարվեստական ղեկավարը՝ Արմեն Մազմանյանը, եղել է իմ ընկերը։ Շատ լավ վերաբերմունք ունեցել եմ նաև այսօրվա ղեկավարի հանդեպ, բայց ինքը, ցավոք սրտի, խզել է բոլոր մարդկային և արվեստագետին վայել հարաբերությունները։

Իսկ ընդհանուր վերցրած՝ պետությունը ո՛չ թատրոն է բացում, ո՛չ փակում․ դա կախված է թատրոնի ղեկավարությունից։ Այդպես ստեղծվել է և՛ Համազգային թատրոնը, և՛ «Գոյ» թատրոնը, և՛ Երաժշտական կամերային թատրոնը, նաև մնացած թատրոնները, նույն կերպ փակվել են թատրոններ, երբ եղել է անշնորհք ղեկավարություն»։

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյան․

«Լիահույս եմ ու հավատում եմ՝ կլինի այնպիսի որոշում, որի արդյունքում «Գոյի» դերասանները ստեղծագործելու հարթակ և հնարավորություն կունենան: Հստակ կարող եմ ասել, որ «Գոյ» թատրոնի ստեղծագործական թիմում շատ շնորհալի մարդիկ կան, որոնք ասելիք ու անելիք ունեն, իսկ յուրաքանչյուր թատրոնի համար պատիվ կլիներ ունենալ նման դերասանների։ Թատրոնի ստեղծագործական թիմին հաջողություն եմ մաղթում ու կուզենամ, որ ունենան տարածք, որտեղ կստեղծագործեն»։

Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Արտաշես Մխիթարյան․

«Մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք, երբ ստորագրահավաք էր իրականացվում թատրոնի փակման հետ կապված։ Մենք, իհարկե, տվել ենք մեր պատասխանը, որ հաճելի երևույթ չէ թատրոն փակելը։ Մեր դիրքորոշումը՝ որպես թատրոն, տրված է»։

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարո Շահբազյան․
«Մասնակցել եմ ստորագրահավաքին։ Յուրաքանչյուր հարց մեր երկրում պիտի լուծվի իրավական ճանապարհով»։

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյան
«Կարծում եմ՝ այս հարցում կարող են լինել միայն անհատների դիրքորոշումներ։ Կարծում եմ՝ կառույցի դիրքորոշում, որպես այդպիսին, չեք լսի։ Հաջողություն եմ մաղթում ստեղծագործական թիմին»։

Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Կամո Նաղդալյան․
«Կարծիքս հետևյալն է․ երկու կառույցներն էլ պիտի երկխոսեն։ Միայն կարող եմ ասել, որ ցավ եմ ապրում ստեղծագործող մարդկանց համար»։

Երևանի մնջախաղի պետական թատրոնի տնօրեն Մանվել Խաչատրյան․
«Լավ կլինի՝ հանրությունը ունենա երկկողմանի, համապարփակ ինֆորմացիա, լսի բոլոր կողմերին՝ ԿԳՄՍ նախարարություն, Սունդուկյան և «Գոյ» թատրոններ։ Ես առայժմ ունեմ թերի ինֆորմացիա։ Պատրաստվում եմ հանդիպել բոլոր կողմերի հետ՝ պարզելու ամբողջական իրավիճակը։ Պարզելուն պես սիրով կհայտնեմ իմ հիմնավորված կարծիքը»։

Հիշեցնենք, որ մարտի 27-ին «Գոյ» թատրոնը ստորագրահավաք էր նախաձեռնել, որով առաջարկում է գործել միևնույն տարածքում ՝ դառնալով մասնավոր թատրոն։

Ամենից շատ դիտված

13:21 Դուք հիմար եք, ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ՝ համայնք. Բագրատ Սրբազանն՝ իր լուսանկարը տարածողներին
21:06 Արտաշատում կինը ննջասենյակի պահարանից գողացել է 1.2 մլն դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի, ոսկյա զարդեր ու խաղադրույք է կատարել. shamshyan.com
18:07 Երևանում փորձել են թալանել «Գուավա» խանութի «բունկերը». հնչել է կրակոց. գողերն ու անվտանգության աշխատակիցները փախել են. shamshyan.com
12:45 Փաշինյանը ստախոս է․ դանիական հեղինակավոր պարբերականը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
12:26 Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում բաց դաս է անցկացնում․ ՈւՂԻՂ
11:58 Կարո՞ղ եք ասել՝ ինչի են նիկոլական բոլոր կանայք նույն դեմքով, իրար նման, կարծես կլոններ լինեն
13:46 Յոլյան կենտրոնում բոլորը վախեցած են, նախարարությունը սարսափ է տարածել
14:26 Հերթը Հայաստանի տարածքում գործող հանքավայրերինն է․ ադրբեջանական մամուլը գործի է անցել
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
19:08 Շատ ցավալի է, որ ԵՊՀ չի լինելու. հարցում