ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարները կազմակերպության ղեկավարներին կներկայացնեն մի նախագիծ, որով նախատեսվում է զրկել Հայաստանին քվեարկության իրավունքից՝ չվճարված բյուջետային պարտքի պատճառով, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Երևանը երկու տարուց ավելի է, ինչ չի վճարում իր անդամավճարները, ինչը հանգեցրել է ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածի դրույթները Հայաստանի Հանրապետության նկատմամբ կիրառելու հարցի առաջացմանը։
Որոշման նախագիծը նախատեսում է կազմակերպության մարմիններում քվոտային պաշտոններ առաջադրելու Հայաստանի քաղաքացիների իրավունքի կասեցում և նրանց քվեարկության իրավունքից զրկում մինչև պարտքի լրիվ մարումը», – լրագրողներին ասել է Լավրովը։
Նրա խոսքով՝ այս բանաձևի նախագիծը «կքննարկվի վաղը Հավաքական անվտանգության խորհրդի նիստում»։
Միաժամանակ նա նշել է, որ ՀԱՊԿ գագաթնաժողովի նման որոշման դեպքում անգամ Հայաստանը կպահպանի կոլեկտիվ անվտանգության իրավունքը: