ԱՄՆ Սենատն ընդունել է Միչիգանի սենատոր Գարի Փիթերսի կողմից ներկայացված «Հայկական պաշտպանության ակտ» օրինագիծը, որի նպատակն է զրկել Ադրբեջանին ամերիկյան ողջ ռազմական օգնությունից։
Քվեարկությունն անցկացվել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի, հայ համայնքի, վերջինիս կոնգրեսական բարեկամների, ԱՄՆ-ում բնակվող այլ ժողովուրդների համայնքային կազմակերպությունների շարունակապես աճող հասարակական ու քաղաքական երկարատև ճնշման ներքո՝ ի դեմս Ադրբեջանի կողմից Արցախի հայ քրիստոնյա բնակչության ցեղասպան էթնիկ զտումների:
«Մենք շնորհակալություն ենք հայտնում սենատոր Փիթերսին՝ նրա ղեկավարման համար և ողջունում ենք Սենատի կողմից օրինագծի ընդունումը՝ որպես առաջին քայլ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու՝ Արցախում ցեղասպանության իրականացնելու համար։ Իր հերթին, նախագահ Բայդենը, հաշվի առնելով իր դերը Արցախի էթնիկ զտման գործընթացում Ադրբեջանին զինելու գործում, այս պահին պետք է անի շատ ավելին, քան պարզապես ազդարարի ԱՄՆ գործող օրենսդրության կիրառման պատրաստակամության մասին, օրինակ՝ ԱՄՆ-ն կարող է առաջնորդել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը՝ հաստատելու միջազգային մանդատ, որը կապահովի հայության անվտանգ և կայուն վերադարձ դեպի Արցախ»,- ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Օրինագծի ներկայացման ժամանակ սենատոր Փիթերսը մանրամասնորեն ներկայացրել է Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան Արցախի դեմ ասելով՝ Ադրբեջանը ոչ միայն 10 ամիս շարունակ շրջափակել է Լաչինի միջանցքը, այլ նաև դաժանորեն հարձակվել անմեղ հայերի վրա և ստիպել սեպտեմբերի 20-ին լուծարել ԼՂ-ի կառավարությունը։
Փիթերսը Սենատի իր գործընկերներին հորդորել է գործել՝ ասելով. «Եթե մենք քայլեր չձեռնարկենք, երբ երկրները դիտավորյալ անտեսում են իրենց հետ մեր համաձայնագրերի պայմանները, մեր համաձայնագրերը կդառնան իրականում անիմաստ: Ես կոչ եմ անում իմ գործընկերներին միանալ ինձ՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար»։
Նշենք՝ սեպտեմբերին սենատոր Փիթերսն այցելել էր Սյունիքի մարզ ՝ գնահատելու Ադրբեջանի կողմից Արցախի 10-ամսյա շրջափակման ավերիչ հետևանքները:
«Այս այցը հաստատեց, որ մենք պետք է ավելին անենք հայերի կյանքը պաշտպանելու և էթնիկ զտումները կանխելու համար։ Հայ ժողովրդին տրամադրվող օգնության ավելացումը վճռորոշ նշանակություն ունի, և մենք պետք է դադարեցնենք օգնություն ցուցաբերել Ադրբեջանին և նպատակային պատժամիջոցներ սահմանենք Ալիևի ռեժիմի դեմ», - հայտարարել է սենատոր Փիթերսը: