Ուղիղ եթեր
Ներքին 11 րոպե առաջ - 13:30 17-11-2026

ԱԺ-ում էլի հայհոյում են, կատաղած շները շատացել են, 400 տուգանք` 1 օրում, ՌԴ օդային տարածքը փակ է

ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, մեղադրվում է 2025 թվականի հայտարարագրում Վահագնի թաղամասի գույքը թաքցնելու համար․ քրեական գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան, նրան սպառնում է 3-ից 6 տարվա ազատազրկում։

Մինչդեռ Հակակոռուպցիոն կոմիտեի նախկին գլխավոր քարտուղար Գերասիմ Մկրտչյանի և նրա կնոջ փաստաթղթերում առկա կասկածելի գործարքները անհետևանք են մնացել։ Կինը ստացել է 45 հազար դոլար նվիրատվություն և գնել բնակարան, իսկ Մկրտչյանը 6.6 միլիոն դրամով վաճառել է ավտոկայանատեղի և նույն օրը 3.3 միլիոնով գնել երկուսը «Ջերմուկ գրուպ»-ից՝ չունենալով բնակարան այդ թաղամասում։ Այս ամենը իրավապահների ուշադրությանն արժանացրելու կարիք կարծես թե չկա։


Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նստաշրջանը, որի գլխավոր հարցը 2027 թվականի պետական բյուջեի քննարկումն է։ Նիստի հենց սկզբում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ է քվեարկել և օրակարգ չի ընդգրկել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության հեղինակած նախագիծը, որը վերաբերում էր երկրում ժողովրդավարության հետընթացին և քաղաքական հալածանքներին։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը դա որակել է որպես քննարկում թույլ չտալու փորձ և հայտարարել, որ խորհրդարանում տիրում են «տիպիկ սովետական» բարքեր։ Ի պատասխան՝ ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը հակադարձել է, որ հարցն արդեն երկու ժամ քննարկվել է հանձնաժողովում, իսկ խնդիրը հայտարարության՝ իրականությանը չհամապատասխանող ձևակերպումներն են։ Նա նաև ընդդիմությանը մեղադրել է իրենց մահացած գործընկերոջ՝ Արսեն Գևորգյանի անունն ու մահը քաղաքական շահարկման առարկա դարձնելու մեջ՝ հայտարարելով. «Դեռ այդ մարդու մարմինը չէր սառել, երբ դուք արդեն նրա անունն ու մահը քաղաքական մանրադրամ էիք դարձրել։ Մենք ե՞նք սպանել»։
Իրավիճակն էլ ավելի է սրվել, երբ Հակոբյանը, իսկ այնուհետև նաև ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը Ամենայն Հայոց Կաթողիկոսին դիմել են ավազանի անունով՝ հնչեցնելով կոշտ պիտակավորումներ և պահանջելով նրա հեռացումը։ Իշխանական թևի բուռն ծափահարությունների և սեղանների դմփդմփոցի ներքո «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը լքել է դահլիճը՝ թողնելով իշխանությանը միայնակ քննարկելու 2027-ի բյուջեն։


Մինչ պատկան մարմինները պարբերաբար զեկուցում են թափառող կենդանիների վնասազերծման ծրագրերի ու հատկացված բյուջեների մասին, փողոցում իրավիճակը շարունակում է մնալ վտանգավոր՝ հատկապես երեխաների համար։ Մարդու իրավունքների պաշտպանը կրկին ահազանգում է, որ թափառող շների հարձակումների խնդիրը վերջին շրջանում ավելի է սրվել, իսկ տարիներ շարունակ բարձրաձայնվող հարցին այդպես էլ համակարգային լուծում չի տրվում։
ՄԻՊ գրասենյակում արձանագրել են, որ առանձին բողոքներին տրվող արձագանքները զուտ իրավիճակային են և չեն փոխում ընդհանուր պատկերը՝ սկսած աղբահանության թերացումներից մինչև իրավական դաշտի բացեր։ Ավելին՝ պարզվում է, որ եթե քաղաքացին արդեն իսկ տուժել է շան հարձակումից, պետությունը նույնիսկ նրա առողջությանը պատճառված վնասը փոխհատուցելու գործող մեխանիզմ չունի։ Պաշտպանը պահանջում է վերջապես անցնել իրական քայլերի՝ թե՛ հարձակումները կանխելու, թե՛ տուժած քաղաքացիներին փոխհատուցելու ուղղությամբ։


Նոյեմբերի 15-ից ուժի մեջ մտած՝ բացառապես ձմեռային անվադողերով երթևեկելու պահանջի հենց առաջին օրը պարեկային ծառայությունը 400 վարչական արձանագրություն է կազմել, որոնցից 63-ը՝ մայրաքաղաքում։
Հիշեցնենք, որ մինչև մարտի 31-ը ներառյալ թեթև մարդատար և մինչև 3,5 տոննա զանգվածով բեռնատար ավտոմեքենաների շահագործումն առանց ձմեռային անվադողերի արգելված է։ ՆԳՆ-ն հերթական անգամ հորդորում է վարորդներին լինել պատասխանատու, իսկ պարեկները, ինչպես ցույց տվեց առաջին օրվա վիճակագրությունը, աչալուրջ հետևում են, որ պետական բյուջեն անմասն չմնա անպատրաստ վարորդներից։


Դիվանագիտական օրակարգում հերթական արարողակարգային հանդիպումն է։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը զրուցել է Ռումինիայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Դան Նեկուլաեսկուի հետ։
Հանդիպման առաջին մասը նվիրված է եղել պաշտոնը ստանձնելու կապակցությամբ շնորհավորանքներին ու բարեմաղթանքներին, իսկ երկրորդ մասում կողմերը կրկին խոսել են գործընկերության զարգացման և հարաբերությունները «որակապես նոր մակարդակի բարձրացնելու» մասին՝ առայժմ առանց հստակ ժամկետների կամ գործնական քայլերի հիշատակման։