Արտաքին 17 րոպե առաջ - 23:55 16-11-2026

Ուկրաինական կարգավորման հարցում առաջընթաց կա, նոր հանդիպում է նախապատրաստվում. Քուշներ

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները հայտնել է, որ այսօր ինքն ու Սթիվ Ուիթքոֆը բանակցություններ են վարել Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի հետ:

Կողմերը քննարկել են ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացում ձեռք բերված առաջընթացը և խաղաղ գործընթացի հետագա քայլերը:

«Այսօր առավոտյան Ուիթքոֆը և ես զրուցեցինք Յուրի Ուշակովի հետ, որպեսզի քննարկենք այն առաջընթացը, որին մենք հասել ենք և խաղաղ գործընթացի հաջորդ քայլերը», - գրել է Քուշները X սոցիալական ցանցում:

Նրա խոսքով, չնայած կողմերի միջև շարունակվող տարաձայնություններին, ոչ հրապարակային բանակցությունների ընթացքում ի հայտ են գալիս կառուցողական առաջարկներ, որոնք կարող են նպաստել խաղաղ գործընթացի առաջմղմանը:

«Թեև հանրային քննարկումների զգալի մասը կենտրոնացած է կողմերի միջև առկա տարաձայնությունների վրա, մենք շարունակում ենք դրական և կառուցողական գաղափարներ տեսնել հանրության տեսադաշտից դուրս ընթացող լուրջ քննարկումների ընթացքում», - նշել է նա:

Միևնույն ժամանակ, Քուշներն ընդգծել է, որ ցանկացած վերջնական պայմանավորվածություն պետք է համաձայնեցվի անմիջապես Մոսկվայի և Կիևի հետ:

Ամերիկյան բանագնացը նաև հայտնել է ուկրաինական կարգավորման շուրջ հաջորդ բազմակողմ հանդիպման օրակարգի նախապատրաստման մեկնարկի մասին: Նրա խոսքով՝ բանակցությունների կազմակերպման աշխատանքներն արդեն ընթանում են, իսկ բուն հանդիպումը կարող է կայանալ մոտ ժամանակներս:

Ձեզ գուցե հետաքրքրի