Ազգերի լիգայի A լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում Անգլիայի հավաքականը մրցակցի հարկի տակ 3–2 հաշվով հաղթել է Իսպանիային։
Հանդիպման առաջին խաղակեսի ավարտին մոտ Հարի Քեյնն իրացրեց իր իսկ վաստակած 11–մետրանոցը։ Այսպիսով, Քեյնը գոլ խփեց Անգլիայի հավաքականի կազմում իր 7-րդ անընդմեջ արտագնա խաղում։ Նախկինում միայն Թոմ Ֆիննին էր հասել նման արդյունքի՝ գոլ խփելով 7 անընդմեջ արտագնա խաղում 1946 թվականի սեպտեմբերից մինչև 1948 թվականի մայիսը։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում անգլիացիները մեծացրեցին առավելությունը․ անկյունայինից Ռայսի փոխանցումից հետո իսպանացիների դարպասը գրավեց Էզրի Կոնսան։ Րոպեներ անց Բեն Ուայթը հաշիվը դարձրեց էլ ավելի խոշոր։ Սակայն 63–րդ րոպեին իսպանացիները ևս վաստակեցին 11–մետրանոցի իրավունք, իսկ Անդերսոնը հեռացվեց խաղադաշտից․ Օյարսաբալի հարվածը դիպուկ էր՝ 3–1։ 75–րդ րոպեին Իսպանիայի հավաքականը ևս մեկ գնդակ հետ բերեց․ աչքի ընկավ Նիկո Ուիլյամսը։ Հանդիպման մնացած ժամանակահատվածում իսպանացիները չկարողացան խուսափել պարտությունից։

Նույն օրը Խորվաթիայի հավաքականը սեփական հարկի տակ 2–1 հաշվով հաղթել է Չեխիային։
Հանդիպման արդեն երկրորդ րոպեին աչքի էր ընկել Պերիշիչը։ 84–րդ րոպեին Հլոժեկը վերականգնեց հավասարությունը լուսատախտակին, բայց երեք րոպե անց Մայերը այդպես էլ թույլ չտվեց չեխերին միավոր վաստակել Ազգերի լիգայի այս մրացաշարում։

Ազգերի լիգայի A լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում Բելգիայի հավաքականը սեփական հարկի տակ 4–1 հաշվով հաղթել է Իտալիային։
Առաջին խաղակեսը գոլառատ ստացվեց։ Նախ, 11–րդ րոպեին հյուրերի կազմում հաշիվը բացեց Էսպոզիտոն։ 21 տարեկան հասակում Էսպոզիտոն դարձավ երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը հասավ 10 գոլի նշաձողին հավաքականի կազմում։ Նա գերազանցեց Մարիո Բալոտելիին, ով իր տասներորդ գոլը խփեց 22 տարեկան հասակում 2013 թվականին։ Ջուզեպե Մեացան (20 տարեկան) մնում է բոլոր ժամանակների ռեկորդակիրը՝ պահպանելով ռեկորդը 1931 թվականից ի վեր։
Սակայն քիչ անց Դե Կույպերը նախ հավասարեցրեց հաշիվը, իսկ Նգոյն ու Դոկուն արդեն բելգիացիներին պարգևեցին երկու գնդակի առավելություն․ դե Կետելարեն դարձավ երկու գոլային փոխանցման հեղինակ։
Երկրորդ խաղակեսում բելգիացիները էլ ավելի խոշոր դարձրին հաշիվը․ աչքի ընկավ Դիեգո Մորեյրան։

Նույն օրը Ֆրանսիայի հավաքականը սեփական հարկի տակ 2։1 հաշվով հաղթել է Թուրքիային։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում ինքնագոլ գրանցվեց Տոչուի անվան դիմաց։ Քիչ անց Գյուլերը հավասարեցրեց հաշիվը, սակայն այդ գոլը չեղարկվեց։ 82–րդ րոպեին Էլի Կրուպին իր առաջին գոլը խփեց Ֆրանսիայի հավաքականի կազմում, իսկ հանդիպման ավարտին մոտ թուրքերը կարողացան մեկ գնդակ հետ բերել։
-
Անգլիայի և Իսպանիայի հավաքականները դեռ նախորդ տուրում ապահովել էին փլեյ–օֆֆի ուղեգիր։ Նշենք, որ բացի Անգլիայից և Իսպանիայից, փլեյ–օֆֆի ուղեգիր են նվաճել նաև Բելգիայի, Ֆրանսիայի և Պորտուգալիայի հավաքականները։