Մանկական անհասկանալի սնունդը ՍԱՏՄ-ն դեռ չի ստուգել
copy image url

Մանկական անհասկանալի սնունդը ՍԱՏՄ-ն դեռ չի ստուգել

Ներքին 1 տարի առաջ - 13:15 03-10-2023
«Տվյալ ապրանքը դեռևս փորձաքննության չի ենթարկվել, քանի որ դեռ չենք հայտնաբերել, գործն ընթացքի մեջ է»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի լրատվական բաժնի աշխատակիցը՝ անդրադառնալով ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գրառմանը, որտեղ նա հայտնել էր, որ երեխաները ինչ-որ գլանակներ են գնում, որի մեջ սպիտակ փոշի է առկա։

Հարցին՝ արդյո՞ք տվյալ ապրանքները մինչև վաճառվելը ենթարկվում են փորձաքննության, աշխատակիցն ասաց, որ բոլոր ներմուծված ապրանքները ունենում են փաստաթուղթ․ «Հայաստանի Հանրապետություն մտնող ցանկացած սննդամթերք, բնականաբար լինում է համապատասխան փաստաթղթերով»։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի լրատվական բաժնի աշխատակիցը նաև պարզաբանեց, որ տեսչական մարմինը տեղեկություն չունի, թե տվյալ ապրանքը կոնկրետ որ խանութում է վաճառվում, իսկ օրենքը տեսչական մարմնին չի թույլատրում առանց հիմավորված բողոքի այցելել ցանկացած խանութ և վերահսկողություն իրականացնել։

«Բայց չնայած դրան, քանի որ խնդիրը լայն արձագանք էր ունեցել, և մենք նույնպես սպառող ենք, ունենք երեխաներ, բողոքին ընթացք ենք տվել, մեր աշխատակիցները Երևանի տարբեր շրջաններում փորձել են պարզել՝ կա՞ նման ուտելիք, թե՞ ոչ, սակայն ոչ մի տեղ չեն հանդիպել»,- հայտնեցին տեսչական մարմնից։