Ավտոմեքենաների ապակիների թաղանթապատման և լուսաթափանցելիության հետ կապված երեկ ողջ օրը «անշլագ» էր։
Վարորդները տարակուսած միմյանց հարցնում էին՝ հիմա ամսի 1-ից տուգանելու են, թե ոչ, իսկ պատճառն այն է, որ իշխանությունը հերթական անգամ ձախողել է հասարակության հետ հաղորդակցվելու, ընդունված օրենքները բացատրելու, մեկնաբանելու իր պարտականությունը։
Նախ՝ նոր փոփոխությանը պատրաստվելու համար ժամանակը եղել է կարճ։ Մեկ էլ մի օր մարդիկ իմացել են, որ նման օրենք կա, որը կկիրառվի։
Երկրորդ՝ որևէ հոդաբաշխ բացատրություն չկա, թե այդ օրենքը, նորմը ինչ նպատակ է հետապնդում և արդյոք դրանով որևէ խնդիր լուծվում է, բացի քաղաքացուն տուգանելը։
Երրորդ՝ օրենքը ընդունվել է, այն ընդամենը մի քանի ժամից պետք է կիրառվի, իսկ ԱԺ հանձնաժողովում հանդիպում են ոստիկանապետի հետ և առաջարկում ցանկալի արդյունքին հասնել հնարավորինս նվազ վարչական ներգործության միջոցներով։
Այս հայտարարությունը «փչացած ռադիոյի» էֆֆեկտով ընդունվում և ընկալվում է առ այն, թե վերջ, օրենքը չեղարկվեց, չեն տուգանելու, իզուր «պլյոնկաները» մի պոկեք։
Ավելի ուշ ոստիկանությունն է հայտարարություն տարածում՝ նշելով, որ հունիսի 1-ից պարեկներն ապահովելու են մգեցված ապակիների օրենքի պրակտիկ կիրառումը։
Բայց իհարկե, բազում քաղաքացիներ դեռ կարծում են, որ պարեկները չեն տուգանելու, օրենքը չեղարկվել է։ Ու այս ամենի մեղավորը հենց իշխանություններն են, հանրային քաղաքական դեմքերը, ովքեր վերջին օրով նման առաջարկ են ներկայացնում, դա հանրայնացնում և անցկացնում չեղարկման տեղ։