Երևան +11°
copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 18:12 24-05-2023

Անակնկալներ` մեքենա ներկրողների համար. նոր Lexus-ի մաքսազերծումը 75.000 դոլար է դարձել

Նախկինում մեքենա ենք ներկրել, վաճառել ենք, այդ շահույթից մեր հարկը մուծել ենք, համ պետությունն է իրեն լավ զգացել, համ մենք ենք մեզ լավ զգացել, որ կարողանում ենք աշխատել։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց մեքենաների ներկրմամբ և վաճառքով արդեն 13 տարի զբաղվող Հայկազ Հակոբյանը, ով դժգոհում է վերջերս տեղի ունեցած փոփոխություններից։

Հակոբյանը նշում է, որ մեքենաների մաքսազերծման գները ամբողջ ԵԱՏՄ երկրների ցանկի մեջ ամենաբարձրը Հայաստանում է։ «Հայաստանում մաքսազերծման գները աստղաբաշխական են, եռակի բարձր են։ Ղրղզստանում, որ ամբողջ կյանքում կշեռք չեն տեսել, խելամիտ մաքսազերծման արժեքներ է դրված, բոլորը այդ երկրով են այսօր մեքենաները մաքսազերծում։ Ղրղզստանի բյուջե են բոլորը գումարները լցնում, քանի որ այնտեղ մաքսազերծումը շատ ավելի հարմար է։ Ռուսաստանի մեր հայ զեմլյակները նույնիսկ, որ զանգում են, ասում՝ էս ինչ մեքենայի մաքսազերծումը ձեր մոտ որքան է, ասում եմ, ծիծաղում են, ասում են, որ բերենք Ռուսաստանում մաքսազերծենք՝ ավելի էժան կլինի»,- ասաց Հակոբյանը։

Հայկազ Հակոբյանը նկատեց. «Նոր մոդելի Lexsus էին ուզում, զանգեցին, մաքսազերծման արժեք հարցրեցին, ճշտեցի, որ մեր մոտով արժեքը 75.000 դոլար էր, այդ մեքենայի մաքսազերծման արժեքն էր, գումարած դրան այն, որ Հայաստանից չեն թողում՝ թանկանոց մեքենա չերեզ Վրաստան ներմուծվի Ռուսաստան, 50.000-ից ավել մեքենաներ այս պահին Բագրատաշենում կանգնած փտում են»,- ասաց Հակոբյանը և հավելեց, որ այսօր մեքենայի վաճառքով սկսեցին զբաղվել գրեթե բոլորը, բայց այնպիսի պայմաններ ստեղծեցին այդ գործով զբաղվողների համար, որ բոլորը սկսեցին հրաժարվել այդ գործից։

Հարցրինք Հակոբյանից, իսկ երբվանից է ավտոներկրողների համար նման ոչ նպաստավոր պայմաններ ստեղծվել, պատասխանեց. «2019 թվականի վերջից, երբ արդեն մաքսազերծումները թանկացան, այդ ժամանակ բերելու հոսքը դադարեց, իսկ արդեն 21 թվականի հունվարից նոր գներով սահմանաչափերով, ահռելի գներով սկսեցինք աշխատել»,- ասաց Հակոբյանը։

Հարցին, թե ինչու է ըստ Ձեզ ավտոներկրողների համար նման վատ պայմաններ սահմանվել, մեր զրուցակիցն ասաց. «Պետությունը ոչ թե ամեն ինչ անում է, որ ծաղկի, զարգանա ՍՊԸ-ն, ֆիզիկական անձը, այլ հակառակը՝ փորձում է սահմանափակել։

Սկզբում ասում էին, որ ժողովուրդը տուգանվելու մատերյալ չէ, բայց պարզվեց՝ ժողովուրդը աշխատող ռոբոտներ են Հայաստանի համար։ Անձը իրենց համար ոնց որ օվկյանոսից մի բաժակ ջուր՝ դե լավ, մեռավ-մեռավ, այդպես են արդեն նայում»,- նշեց նա։

«Ֆիզիկական անձը՝ որպես քաղաքացի պետությանը վաբշե պիտանի չէ, չեն ուզում, որ ֆիզիկական անձը ևս հաց տանի տուն, նույն մեքենայի մաքսազերծման արժեքը երկու ամսում երեք անգամ թանկացրին, ո՞րն է պատճառը, ի՞նքը թանկացավ։ Սա է պատճառը, որ արդեն ուզում եմ թողել այն գործը, որով 13 տարի է՝ զբաղվում եմ»,- եզրափակեց Հակոբյանը։