Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 18:30 25-04-2023

Պեսկովի որդին «Վագներ»-ի կազմում մասնակցել է ռուս-ուկրաինական պատերազմին

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի որդին՝ Նիկոլայը, մասնակցել է Ուկրաինայում Ռուսաստանի կողմից իրականացվող հատուկ ռազմական գործողությանը՝ «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության կազմում։ Այս մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ ռուսական RT հեռուսատաընկերության ռազմական թղթակից Ռոման Կոսարևը հրապարակել է Նիկոլայի լուսանկարը՝ «Վագներ»-ի կազմում ծառայության ժամանակ։

Կոսարևը Նիկոլային անվանել է իր ընկերն ու եղբայրը՝ նշելով, որ նա նախորդ ամառ պայմանագիր է կնքել «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հետ և ծառայել է հատուկ ռազմական գործողության գոտում՝ հրետանային բրիգադի կազմում։

Այս տեղեկությունը հաստատել է ռազմական կառույցի ղեկավար Եվգենի Պրիգոժինը՝ հայտնելով, որ Պեսկովի 33-ամյա որդին՝ Նիկոլայը, ծառայել է որպես սովորական հրետանավոր իր մասնավոր ռազմական ընկերությունում։ «Այս մասին առաջին անգամ եմ կպատում, իմ բոլոր ծանոթներից մեկի՝ Դմիտրի Սերգեևիչ Պեսկովի, նրա որդու մասին։ Եկավ, ասում է՝ տարեք նրան որպես հասարակ հրետանավոր»,- ասել է Պրիգոժինը։ Վերջինս հավելել է, որ Պեսկովի որդին ծառայել է «բացարձակ նորմալ», «մինչև ծնկները ցեխի մեջ»։

Նիկոլայ Պեսկովը ռուսական «Комсомольская правда» պարբերականի հետ զրույցում անդրադարձել է «հատուկ գործողության» գոտում իր ծառայությանը և վստահեցրել, որ դա եղել է իր նախաձեռնությունը։ Նա հայտնել է, որ դիմել է հորը, ով օգնել է իրեն ճիշտ կապ հաստատել մասնավոր ռազմական ընկերության հետ։

«Երբ ես որոշում կայացրեցի մասնակցել հատուկ ռազմական գործողություններին, ես չգիտեի՝ ինչպես ճիշտ հասնել այնտեղ, քանի որ, երբ ամեն ինչ սկսվեց, այդքան տեղեկատվություն չկար, որքան հիմա: Այսպիսով, այո, ես ստիպված էի դիմել հայրիկիս: Ես հարցրեցի, թե ինչպես ճիշտ կապ հաստատել ռազմական մասնավոր ընկերության հետ: Եվ նա օգնեց ինձ այդ հարցում: Ես ուղղակի պարտավոր էի մասնակցել, պետք է օգնեի բոլոր նրանց, ովքեր այնտեղ էին։ Ես չէի կարող մի կողմ քաշվել եւ դիտել, թե ինչպես են ընկերներս ու մյուսները գնում այնտեղ: Այո, իմ ընկերներից շատերը գնացին այնտեղ: Ընտանիքս անհանգստանում էր, բայց բացարձակ աջակցում էր իմ որոշմանը: Հարցրեցին՝ վստա՞հ եմ եւ հասկանո՞ւմ եմ, թե ուր եմ գնում։ Ես պատասխանեցի՝ այո, եւ նրանք ասացին՝ առա՛ջ»,-ասել է նա։

Նիկոլայը նաև նշել է, որ սպիտված է եղել փոխել իր ազգանունը։ Նրա խոսքով՝ որևէ մեկը չի իմացել, թե իրականում ինքն ով է։ «Զորքերում եղել եմ կես տարուց մի փոքր պակաս։ Մեզ ոչ ոք չէր զանգում, քանի որ դա այնքան էլ անվտանգ չէ: Հնարավորության դեպքում ես ինքս կապ էի հաստում։ Դա հազվադեպ էր։ Ես զանգել եմ կնոջս և հայրիկիս, զեկուցել, որ ամեն ինչ կարգին է ու ողջ-առողջ եմ»,- հայտնել է նա։

Որդու ծառայության մասին տեղեկությունը հաստատել է նաև Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ռուսակն РБК հեռուստաընկերության թղթակցի փոխանցմամբ՝ լրագրողները Պեսկովին հարցրել են՝ իսկապե՞ս իր որդին մասնակցել է հատուկ գործողությանը «Վագներ»-ի կազմում և ինչո՞ւ է որոշել ծառայել այս զորամասերում, այլ ոչ թե Զինված ուժերում։ Ի պատասխան Պեսկովը շեշտել է, որ որդին ժամանակին անցել է պարտադիր ժամկետային ծառայություն, իսկ ավելի ուշ իր կամքով որոշում է կայացրել մասնակցել ռազմական գործողություններին հենց «Վագներ»-ի կազմում։

«Ժամանակին նա ծառայել է զինված ուժերում, կատարել է իր սահմանադրական պարտքը։ Հիմա նա որոշում է կայացրել։ Նա չափահաս է։ Այո, իսկապես, նա մասնակցել է հատուկ ռազմական գործողությանը։ Ես չէի ցանկանա ավելին ասել, սա կապված չէ իմ աշխատանքի հետ»,- եզրափակել է նա։



Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի