Երևան +18°
copy image url
Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 16:55 24-12-2022

Լյուքսեմբուրգի հայ համայնքը բողոքի ակցիա է անցկացրել ԵԽ-ի առջև՝ պահանջելով կոնկրետ գործողություններ Ադրբեջանի ագրեսիայի դեմ

Լյուքսեմբուրգի հայ համայնքը դեկտեմբերի 24-ին բողոքի ակցիա է անցկացրել Եվրախորհրդարանի շենքի առջև ՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի մասին իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, բողոքի ակցիայի մասնակիցները իրենց բողոքն են ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին չարձագանքելու ու լռություն պահպանելու համար:

Լյուքսեմբուրգի հայ համայնքի ներկայացուցիչները նշում են, որ Սուրբ Ծննդյան մոտենալուն զուգընթաց ճանապարհի փակումը հանգեցրել է Լեռնային Ղարաբաղում սուպերմարկետների դատարկմանը և հիվանդանոցներում վիրահատությունների հետաձգմանը:

«Այս շրջափակման վերջնական նպատակը էթնիկ զտումն է, և դրա հետ չի կարելի համակերպվել: Մենք միջազգային հանրությունից պահանջում ենք կոնկրետ գործողություններ ձեռնարկել ադրբեջանական ագրեսիայի դեմ», – հայտարարել է Լյուքսեմբուրգի Հայկական բարեգործական ընդհանուր միության ղեկավար, իրավաբան Ֆրանսի Դերդերյանը, որը բողոքի ակցիա էր կազմակերպել:

Լյուքսեմբուրգում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը միացել է ցուցարարների կոչերին՝ հայտարարելով, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը բոլոր հնարավոր երկկողմ, եռակողմ և բազմակողմ պարտավորությունների, միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես ՝ Ժնևյան կոնվենցիաների կոպիտ խախտում է։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի