Oragir.News-ն իր նախորդ հրապարակմամբ
անդրադարձել էր Լոռու մարզի Սվերդլով գյուղի բնակիչ, հաշմանդամություն ունեցող միայնակ մայր Հասմիկ Այվազյանի ծանրագույն պատմությանը:
Հիշեցնենք, որ 10 ամսական երեխայի հետ դասընկերոջ խոնավ ու ավերակ տանը պատսպարված կինը, ով չունի որևէ սեփականություն, էլեկտրոնային համակարգի թեթև ձեռքով ճանաչվել էր «միջին ապահովված» և զրկվել կենսական նշանակություն ունեցող նպաստից: Ընդ որում՝ որևէ պաշտոնյա կամ սոցաշխատող տնայց չէր կատարել և տեղում չէր ծանոթացել ընտանիքի անմխիթար պայմաններին:
«Անապահովության գնահատման նոր համակարգում դիմումների պատասխաններում հստակ ասվում է պատճառը, թե ինչու է ընտանիքը ճանաչվել այս կամ այն աստիճանի անապահով։ Եթե համաձայն չեն որոշման հետ, ապա կարող են բողոքարկել, որին ևս սահմանված ժամկետում կտրվի պատասխան»,-
Oragir.News-ի հետ զրույցում պարզաբանեց Աշխատանքի և բարեկեցության հարցերի նախարարության մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը։
Ի դեպ, նշենք, որ քաղաքացին մեզ հետ զրույցում հայտնել էր, որ սոցաշխատողի օգնությամբ բողոքարկել է որոշումը, սակայն մինչ օրս որևէ արձագանք չկա։
Նախարարության խոսնակից փորձեցինք ճշտել, թե ինչ փուլում է գտնվում դիմումը, և ինչպես է ստացվում, որ Ստեփանավանի սոցիալական միասնական ծառայությունը, առանց տնայց կատարելու, կնոջը որակել է որպես միջին ապահովված։
«Համակարգն է գնահատում, ես չեմ, որ պետք է գնահատական տամ։ Դրա համար է ներդրված անապահովության գնահատման նոր համակարգը, որպեսզի ըստ իս կամ ըստ ձեզ չգնահատվի, այլ օբյեկտիվ գնահատվի»,- ասաց Կոստանյանը։
Ինչ վերաբերում է նախարարության կողմից մատնանշվող «օբյեկտիվությանը», ապա այն ոչ միայն վիճելի է, այլև աղերս չունի իրականության հետ։ Մեր նախորդ հրապարակման մեջ մանրամասն փաստերով ներկայացրել էինք լոռեցի կնոջ ծայրահեղ անմխիթար վիճակը։
Այս դեպքում հիմնավոր հարց է առաջանում՝ արդյո՞ք անդեմ ալգորիթմը ունակ է ճիշտ կամ արդարացի գնահատական տալ, մանավանդ որ սոցիալական աջակցության այս նոր
համակարգից դժգոհությունները վաղուց զանգվածային բնույթ են կրում։
Ստացվում է հետևյալ պարադոքսալ պատկերը․ սոցաշխատողները (կամ վերջին փոփոխություններով՝ բարեկեցության գնահատման աշխատակիցները) տնայցեր չեն կատարում, տեղում չեն ուսումնասիրում մարդու իրական ունեցվածքն ու կենցաղային պայմանները։
Ողջ գործընթացը պատվիրակված է օնլայն համակարգին, որն էլ իր հերթին՝ որևէ տեխնիկական սխալմունքի, տվյալների անհամապատասխանության կամ չնչին բացթողման պատճառով, առանց քաղաքացու կենսական կարիքները պատշաճ հաշվարկելու, մարդուն մեկ հարվածով հռչակում է «ապահով», զրկում նպաստից ու անցնում առաջ։
Ահա և խոստացված պետական «օբյեկտիվությունը»․ իսկ եթե համաձայն չեք համակարգի կայացրած դատավճռի հետ, ապա ստիպված եք ամիսներով ընկնել դռնեդուռ, հայտնվել բյուրոկրատական քաշքշուկների ու թղթաբանության լաբիրինթոսում և սեփական մաշկի վրա ապացուցել ու վերականգնել ձեր՝ անապահով լինելու փաստը։
Հասմիկ Մովսիսյան