Լոռու մարզի Լոռի Բերդ խոշորացված համայնքի Սվերդլով գյուղում ապրող Հասմիկ Այվազյանի ընտանիքը հայտնվել է ծայրահեղ ծանր սոցիալական ճգնաժամի մեջ։
Հաշմանդամություն ունեցող միայնակ մայրը, ով խնամում է 10 ամսական երեխայի, զրկվել է պետական նպաստից այն բանից հետո, երբ էլեկտրոնային համակարգը նրան ճանաչել է «միջին ապահովված»։
Oragir.News-ի հետ զրույցում տիկին Հասմիկը պատմում է, որ ինքնուրույն չի կարողացել լրացնել էլեկտրոնային դիմումը, ինչի համար դիմել է համայնքի սոցաշխատողի օգնությանը։ Սակայն հոկտեմբերի 5-ին ստացված պատասխանը ցնցող է եղել․ ընտանիքը համարվել է «միջին ապահով», և նպաստի վճարումը հոկտեմբերի 1-ից դադարեցվել է։
Ամենացավալին այն է, որ որևէ պատասխանատու մարմին չի այցելել ընտանիքին՝ նրանց իրական վիճակին ծանոթանալու համար։
«Ոչ տուն են եկել, ոչ նայել են ինչ պայմաններում եմ ապրում, օնլայն մերժել են»,- պատմում է հուսահատված մայրը։
Ինչպես Հասմիկ Այվազյանն է ներկայացնում՝ չունի ո՛չ սեփական տուն, ո՛չ էլ որևէ շարժական կամ անշարժ գույք։ Այժմ նա ժամանակավորապես պատսպարվել է դասընկերոջ հայրական տանը, որի տերերը մահացել են, իսկ որդին գտնվում է արտագնա աշխատանքի մեջ։ Պայմանները, որտեղ մեծանում է 10 ամսական մանկահասակ երեխան, մեղմ ասած՝ անմխիիթար են։
Մինչև երեխայի ծնվելը նրա միակ աշխատանքը եղել է անասնապահությունը, սակայն այժմ, փոքրիկի խնամքով պայմանավորված, նա չի կարողանում աշխատել։ Ընտանիքի ողջ ամսական բյուջեն կազմում է ընդամենը 47 500 դրամ՝ հաշմանդամության կարգի համար, և 31 600 դրամ՝ երեխայի խնամքի գումարը։
«Ընդամենը 47 500 դրամ հաշմանդամության թոշակն է ու 31 600 դրամ երեխայի կաթի գումարը, դրանով մարդը ո՞նց կարող է միջին ապահովված համարվել, երբ ոչ մի նորմալ պայման չունի, վառելիք չկա»,- հարցնում է քաղաքացին։
Տարածքային սոցիալական ծառայությունից տիկին Հասմիկը հատուկ տեղեկանք է վերցրել այն մասին, որ իր անվամբ որևէ սեփականություն գրանցված չէ։ Սոցաշխատողի օգնությամբ նրանք բողոքարկել են որոշումը Միասնական սոցիալական ծառայությանը, սակայն մինչ օրս որևէ արձագանք չկա։
Ավելին, համայնքում ընտրարշավի շրջանակներում գտնվող ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանին նույնպես անձամբ փոխանցվել է այս խնդրի մասին փաստող տեղեկանքը։ Պատգամավորը կարդացել է, ծանոթացել ու սահմանափակվել միայն «պարզ է» արտահայտությամբ։
Oragir.News-ը հետևողական է լինելու այս հարցին և առաջիկա աշխատանքային օրերին պարզաբանումներ կպահանջենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից՝ հասկանալու համար, թե ինչու է կայացվել նման որոշում և երբ կվերանայվի Հասմիկ Այվազյանի ընտանիքի նպաստի հարցը։
Հասմիկ Մովսիսյան