Բենզինի շուկայի խոշորագույն տնտեսվարողներից մեկը՝ «Ֆլեշ» ընկերությունը, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից սահմանված 28 միլիոն դրամի
տուգանքի մասին տեղեկացել է լրատվամիջոցներից։ Այս մասին
Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց ընկերության մարկետինգի բաժնի ղեկավարը։
Մեր այն հարցին, թե կոնկրետ ինչ խախտումների մասին է խոսքը և ինչ հիմքով է ընկերությունը ենթարկվել վարչական պատասխանատվության, «Ֆլեշ»-ից դժվարացան պատասխանել՝ հորդորելով պարզաբանումներ ստանալ հենց տեսչական մարմնից։
«Ճիշտն ասած, ճիշտ կլիներ հենց կառույցից հարցնել, որովհետև մենք ինքներս էլ ոչ ծանուցում ենք ստացել, ոչ արձանագրություն ունենք, որ իմանանք՝ դա ինչի համար է։ Մենք էլ ենք իմացել, այսպես ասած, կառույցի մամուլի հաղորդագրությունից։ Էնպես որ, ձեր հարցին չեմ կարող պատասխանել»,- նշեց ընկերության ներկայացուցիչը։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք «Ֆլեշ» ընկերությունը պատրաստվո՞ւմ է բողոքարկել Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի որոշումը, ընկերությունից հայտնեցին, որ այս պահին որևէ հստակ քայլ ձեռնարկել չեն կարող, քանի որ չունեն համապատասխան փաստաթղթային հիմքեր։
«Չեմ կարող ասել։ Գուցե ծանուցում է լինում, միգուցե ինչ-որ բան է լինում, բայց այս պահի դրությամբ չունենք որևէ հիմք, որևէ արձանագրություն կամ խախտման պատճառ, որ ինքներս էլ իմանանք՝ ինչի համար է։ Մնացածը այս պահի դրությամբ, այո, չեմ կարող ասել»,- կրկնեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում «ՖԼԵՇ» ՍՊԸ-ի լցակայաններում հայտնաբերվել են խախտումներ, ինչի հիմքով նախատեսվում է շուրջ 28 միլիոն դրամի տուգանք։
Այս ամենը տեղի է ունենում բենզինի շուկայում սպասվող լայնածավալ պետական ուսումնասիրությունների և գնային տատանումների ֆոնին։
Հասմիկ Մովսիսյան