Ուղիղ եթեր
Ներքին 45 րոպե առաջ - 22:23 19-10-2026

Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Երևանի սիրտը հանդիսացող Փոքր Կենտրոնում սեփականություն ունեցող քաղաքացիները կրկին կանգնել են փաստի առաջ։

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft) շրջանառության մեջ է դրվել կառավարության նոր որոշման նախագիծ, որով նախատեսվում է Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված որոշ տարածքների նկատմամբ կրկին ճանաչել հանրության գերակա շահ։

Այս նախագիծը մեծ արձագանք է գտել իրավական ու հանրային դաշտում։ Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հանրությանն արդեն զգուշացրել է՝ բնակիչներից շատերը ստիպված են լինելու իրենց գույքերը հարկադրաբար վաճառել պետությանը։

Ըստ պաշտոնական հիմնավորման՝ նշված հասցեներն այժմ կառուցապատված են հին, կիսախարխուլ, տարերայնորեն տեղակայված բնակելի տներով, որոնք չեն համապատասխանում հակահրդեհային, սանիտարահիգիենիկ և սեյսմակայունության քաղաքաշինական նորմերին՝ ստեղծելով արտակարգ իրավիճակների ռիսկեր։

Նոր նախագծի նպատակն է մասնավոր ներդրումների հաշվին ավարտին հասցնել դեռ տարիներ առաջ (ՀՀ կառավարության 27.12.2018 թ. N 1528-Ն որոշմամբ) սկսված «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայրի վերականգնման ծրագիրը։

Ճարտարապետական մտահաղացմամբ՝ այստեղ ստեղծվելու է կանոնավոր կառուցապատմամբ յուրօրինակ արգելանոցային գոտի։ Տարածքը լրակազմվելու է այլ փողոցներից կազմաքանդված 15 պատմական կառույցներով՝ վերստեղծելով 19-րդ դարի և 20-րդ դարասկզբի Երևանի ճարտարապետական կոլորիտը, ինչը կմեծացնի քաղաքի առևտրային և մշակութային նշանակությունը։

Չնայած պետության կողմից ներկայացվող գեղեցիկ ճարտարապետական ապագային՝ իրավաբաններն ու բնակիչները մտահոգություններ ունեն։ Օրենքի համաձայն՝ գերակա հանրային շահ ճանաչվելու դեպքում քաղաքացիներին տրվում են հետևյալ երաշխիքները. Գույքի օտարման դիմաց բնակիչները ստանում են դրա շուկայական արժեքը։ Որպես փոխհատուցում՝ շուկայական արժեքին պարտադիր գումարվում է նաև 15 տոկոս հավելավճար։

Սակայն, ինչպես ցույց է տալիս Երևանի կենտրոնի իրացման նախկին փորձը (Հյուսիսային պողոտա, Ֆիրդուսի թաղամաս), գույքի շուկայական գնահատման փուլում հաճախ ծագում են լուրջ անհամաձայնություններ։

Փաստաբանական համայնքը նշում է, որ Փոքր Կենտրոնում հողի և անշարժ գույքի իրական արժեքն օրեցօր աճում է, և առաջարկվող փոխհատուցմամբ բնակիչները երբեմն չեն կարողանում նույն տարածքում համարժեք բնակարան ձեռք բերել։

Նախագծի ընդունումից հետո կառավարությունը կսահմանի գույքերի նկարագրության արձանագրությունների կազմման և օտարման գործընթացի հստակ ժամկետներ։ Այն քաղաքացիները, ովքեր համաձայն չեն լինի ձեռքբերողի առաջարկած գնին, ստիպված կլինեն իրենց իրավունքները պաշտպանել դատական կարգով։



Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան