Ուղիղ եթեր
Ներքին 42 րոպե առաջ - 13:00 20-10-2026

Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Հարկադիր կատարման ծառայությունը պատրաստվում է տարածքից վտարել 30 տարուց ավելի իրենց բնակատեղին շենացրած 9 հոգանոց ընտանիքին։ Տանիքը կորցնելու սպառնալիքի տակ են նաև ընտանիքի 3 անչափահաս երեխաներն ու ընտանիքի որդին, ով այս պահին ժամկետային զինծառայող է Մեղրիում ու պաշտպանում է հայրենիքի սահմանները։

Տարածքի բնակիչ Հրաչյա Ալեքսանյանը Oragir.News-ին պատմում է, որ դեռևս 1991 թվականին լուծարված գոմերի տեղում ինքն ու ընտանիքը ավելի քան 30 տարի խնամել, պահպանել ու մշակել են շուրջ 2000–2500 քմ տարածք՝ տուն կառուցել, ծառ ու ծաղիկ տնկել։ 2001 թվականից ի վեր բոլոր կոմունալ վճարումները՝ լույսը, ջուրը, գազն ու աղբահանությունը, կատարվում են իրենց անունով։ Սակայն, Հայաստանում տարածված բյուրոկրատական քաշքշուկների պատճառով, նրանք այդպես էլ չեն ստացել կադաստրի սեփականության վկայական։

Իրավական անպաշտպանությունն ավելի է խորացել, երբ 30-40 հեկտար ընդհանուր տարածքը փոխանցվել է «Էլիզա Գայանե» ՍՊԸ-ին։ Բնակիչը դիմել է դատարան՝ վաղեմության ժամկետի հիմքով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջով, սակայն, ըստ նրա, դատական գործեն անհասկանալի կերպով կորցրել են։

Ալեքսանյանի փոխանցմամբ՝ 2022 թվականին իրենց առաջարկել են նոտարով կնքել ընդամենը 6 ամսվա վարձակալության պայմանագիր՝ խոստանալով, որ դրանից հետո տարածքը «կնվիրեն»։ Բնակիչը, հասկանալով վտանգը, մերժել է, քանի որ կես տարի անց նրանց օրինական հիմքով դուրս կհանեին։

Այժմ, ըստ քաղաքացու, գործի է անցել Հարկադիր կատարման ծառայությունը, ընդ որում՝ ակնհայտ իրավախախտումներով։ Դատարանի վճռով վտարման որոշումը կայացվել է միայն երկու անձի՝ Հրաչյա Ալեքսանյանի և նրա մոր՝ Մարիամ Ավետիսյանի անունով։ Սակայն հարկադիրն իրավունք է վերապահել տարածքից վտարել ընտանիքի բոլոր 9 անդամներին, այդ թվում՝ անչափահասներին, որոնց անունները որևէ դատական ակտում չկան։

Հրաչյա Ալեքսանյանն Oragir.News-ի հետ զրույցում հայտարարում է, որ չի պատրաստվում հանձնել սեփական քրտինքով ստեղծածը։ Նա շեշտում է, որ իրենց ոչ թե փոխհատուցում է պետք, այլ արդարություն. «Որևէ տեսակի փոխհատուցման մասին խոսակցություն չի եղել, և մեզ փոխհատուցում պետք էլ չէ, քանի որ դա իմ հորական ու պապենական ստեղծած հողն է»։

Այս պատմությունը եզակի չէ։ Նորագավիթի այս հատվածում նմանատիպ ծանր, անելանելի կարգավիճակում են գտնվում նաև հարևանությամբ ապրող այլ ընտանիքներ։ Նրանց մեջ կան նաև Արցախից տեղահանված հայրենակիցներ, ովքեր մեկ անգամ արդեն կորցրել են իրենց տունը, իսկ այսօր կանգնած են հայրենի մայրաքաղաքում երկրորդ անգամ անօթևան մնալու վտանգի առաջ։

Առանց որևէ այլընտրանքային տանիք առաջարկելու, ձմռան շեմին 9 հոգանոց ընտանիքին փողոց գցելու այս որոշումը ոչ միայն իրավական, այլև բարոյական կատաստրոֆա է։


Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել