Երևան +11°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 09:48 28-11-2022

Ինչպիսի՞ հաղորդագրություն չի կարելի գրել և ո՞վ է ավելի անլուրջ․ ՔԿ նորանշանակ խոսնակը «պերեբոռ» է արել

Մեր քաղաքական, հասարակական կյանքի էսքտրաօրդինար պայմաններում իրենց ադեկվատությունը կորցնում են նաեւ մարդիկ, որոնց ժամանակին համարել ենք պրոֆեսիոնալ, հավասարակշիռ։ Այս առումով, իհարկե, ամենածանր վիճակում մամուլի հետ աշխատող անձինք են՝ խոսնակ, լրատվական ծառայության ղեկավար։

Մի կողմից սկզբունքները և պրոֆեսիոնալ աշխատանքը, մյուս կողմից ղեկավարին գոհացնելու, նրա ամենևին էլ ոչ պրոֆեսիոնալ պահանջները կատարելու մղումը երկընտրանքի առաջ է կանգնեցնում լրատվամիջոցների հետ աշխատողներին։

Հիմա թե որ դեպքին է վերաբերում Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունն Աննա Մկրտչյանի դեմ հարուցված գործի մասով՝ դժվար է ասել, բայց սա դասական օրինակ է, թե ինչպիսի հաղորդագրություն չի կարելի գրել, երբ դու իրավապահ մարմնի աշխատակից ես, և երկրորդ՝ այս հաղորդագրությունը հուշում է, որ այնտեղ նորանշանակ խոսնակ դարձած, նույն ոճով և նույն ոգով նախկին ղեկավարին՝ Արթուր Դավթյանին պաշտպանող Գոռ Աբրահամյանը «պերեբոռ» է արել՝ փորձելով հենց առաջին իսկ հաղորդագրությամբ ցուցադրել «հանուն ֆերմայի» մինչև վերջին փամփուշտը պայքարելու պատրաստակամությունը։

Եւ այսպես, երկու օր է՝ համայն հայությունը բառիս բուն իմաստով ղժժում է, քանի որ պատգամավոր Աննա Մկրտչյանի ծննդյան վկայականում նրա ծննդյան ամսաթիվը մեկ օրով սխալ է գրվել, որպեսզի «այլ դրդապատճառներով համապատասխանեցվի առավել նշանավոր օրվան» եւ դրա հետ կապված պատգամավորը հրավիրվել է հարցաքննության։

Հիմա մի քանի օր այս թեմայի հետ կապված անշլագ էր, մարդիկ զվարճացան, ասացին-խոսեցին, երեկ Քննչական կոմիտեն որոշեց հաղորդագրություն տարածել,որը ավելի լավ էր չտարածել զավեշտալի վիճակում չհայտնվելու համար։ Ահա ներկայացնենք հաղորդագրությունից որոշ հատվածներ։

1․ «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, ելնելով կուսակցական շահերից, ակնհայտորեն փորձելով անլրջացնել կոնկրետ քրեական վարույթը և դրա շրջանակներում իրականացվող քննչական գործողությունները և խեղաթյուրելով փաստերը, ապատեղեկատվություն է տարածել պատգամավոր․․․»-սա ՔԿ-ի հաղորդագրության սկիզբն է, հարց է առաջանում՝ դուք քաղաքական մարմին եք, դուք ով եք, որ նման որակումներ տաք, թե կուսակցական շահ, անլրջացնել եւ այլն․․․գուցե ինքներդ լրջանայիք եւ պատշաճ ու ժամանակին պարզաբանում տարածեիք։

2․ «Փորձ է արվել ստեղծել տպավորություն, թե հարցաքննության հրավիրման պատճառը և ընդհանուր առմամբ քրեական վարույթի էությունը «պատգամավորի ծննդյան վկայականում ծննդյան ամսաթիվը մեկ օրով սխալ գրելն է, որպեսզի «այլ դրդապատճառներով համապատասխանեցվի առավել նշանավոր օրվան»: Նման պարզունակ «բացահայտումը», սակայն, իրականության հետ որևէ աղերս չունի»- ահա հաղորդագրության երկրորդ, ոչ պակա զվարճալի հատվածը։

Այսինքն՝ ՔԿ-ն արդեն 10-20 տող գրում է, բայց դեռ չի հասել բուն թեմային ու շարունակում է նույն «պոպուլիսատական» ոճով որակումներ տալ՝ «պարզունակ բացահայտում, իրականության հետ աղերս չունի» և այլն․․․բայց ամեն դեպքում ծննդյան վկայականում ամսաթվի հարցը կարծես օդից չէ, ՔԿ-ն էլ տոտալ չի հերքում, իսկ Աննա Մկրտչյանի հրապարակած քրեական գործ հարուցելու որոշման մեջ այդ մասին սևով սպիտակի վրա նշված է։

3․ Հետո շարադրվում է բուն հաղորդագրությունը, թե ինչի վերաբերյալ է վարույթը և ըստ էության հաղորդագրությունը պետք է միայն այդ հատվածը ընդգրկեր, եթե ՔԿ խոսնակը չորոշեր պապից ավելի կաթոլիկ գտնվել և իր տեղում, իր հնարավորությունների սահմանում մի հուժկու հարված տալ ՀՀԿ-ին։

Պարզվում է, որ Աննա Մկրտչյանը և նրա եղբայրը մեղադրվում են կեղծ ավարտական վկայականներ ստանալու մեջ, որոնք օգտագործվել են բարձրագույն ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտությունների ընդունելության մրցույթի ժամանակ: Իսկապես բավականին լուրջ և ծանրակշիռ բացահայտում է պատգամավորի նկատմամբ հարայ-հրոցով գործ հարուցելու համար։

4․ «Ակնհայտ խեղաթյուրումները հատուկ հայտարարության առարկա դարձնող քաղաքական ուժին հորդորում ենք ձեռնպահ մնալ նման եղանակով ՀՀ քննչական կոմիտեի, պետական մարմինների նկատմամբ հանրային վստահությունը թուլացնելու անհաջող և անլուրջ փորձերից։ Միաժամանակ քաղաքական շահագրգռություններով հրապարակվող նման տեքստերն ազատորեն տիրաժավորող անհատներից ու օգտատերերից ակնկալում ենք չտրվել նման հնարքներին և տարատեսակ մեկնաբանություններ անելուց առաջ առնվազն ծանոթանալ նաև պաշտոնական տեղեկատվությանը»։

Սա արդեն հաղորդագրության կուլիմինացիան է, որի համար թերևս Գոռ Աբրահամյանը պարգևավճար ստանա, մի քանի մետրանոց լոնքերով կմտնի Արգիշտի Քյարամյանի աչքը, բայց սա կմնա նրա կենսագրության մեջ և թերևս խելքը գլխին մեկը նման հաղորդագրություն գրողին առհասարակ չպետք է աշխատանքի ընդունի․․․ում համար է այս լալահառաչ, կրթադաստիրակչական բառակույտը, ինչու է Քննչական կոմիտեն այդքան անլրջացնում իրեն, այսինքն՝ պահանջվում էր քրեական գործի մասին պարզաբանում, վերջ, պարզաբանեք և անցեք առաջ, քաղաքական ուժերին հորդորները, հանրային վստահությունից խոսելը, նման տեքստերն տիրաժովորող անհատներին դիմելն առավել քան անլուրջ է և նման հաղորդագրություններով ավելի շատ են խարխլում ՔԿ-ի նկատմամբ հանրային վստահությունը․ ֆեյսբուքում մի քանի ստատուսով։

Թեև ծննդյան օրն առավել նշանավորելու, այն ՀՀ պետական և ազգային տոներից մեկին` ՀՀ անկախության տոնի օրվան համապատասխանեցնելու նպատակով պաշտոնեական կեղծիք փնտրող իրավապահ մարմիններում թերևս լրջություն և պրոֆեսիոնալիզմ պետք չէ փնտրել։