copy image url
Խոսք 2 տարի առաջ - 16:02 26-10-2021

Կարելի է միայն ենթադրել, թե առաջիկա ցնցումներն ինչպիսի մասշտաբ կամ խորք կունենան. Սուրեն Սուրենյանց

ՀՀ ՄԻՊ գրասենյակի և ՊՆ հայտարարությունների, նրանց կատարած աշխատանքի, նոյեմբերի 9-ին ստորագրվելիք պայմանագրերի վերաբերյալ մամուլում հայտնված արտահոսքի մասին Oragir.news-ը զրուցել է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցի հետ:

–Ի՞նչ տպավորություն են թողնում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և պաշտպանության նախարարության միմյանց հակասող հայտարարությունները։ Այս ամենն էլ ավելի չի խորացնի՞ այն անվստահության մթնոլորտը, որը կա մարդկանց մեջ պաշտոնական աղբյուրների նկատմամբ։

–Բնականաբար ավելի է խորացնելու թյուրըմբռնումը հասարակության մոտ, առանց այն էլ 44-օրյա պատերազմից հետո նվազագույն մակարդակի է հասել հանրային վստահությունը պաշտոնական տեղեկատվության, հատկապես ՊՆ-ի նկատմամբ, որովհետև ամբողջ պատերազմի ընթացքում զինվորական կամուֆլյաժով մարդը մանիպուլացրել է հասարակությանը։ Կոնկրետ դեպքում ՄԻՊ-ի ու ՊՆ-ի լեզվակռվի բովանդակությանը չեմ ուզում անդրադառնալ, բայց ասեմ, որ ամիսներ շարունակ ՄԻՊ-ը դարձել է այլընտրանքային տեղեկատվության աղբյուր, և որպես կանոն նրա մատուցած տեղեկատվությունն ավելի ստույգ է։ ՊՆ-ն ոչ թե պետք է ՄԻՊ-ի կամ հասարակության վրա մուննաթ գա, այլ փորձի հասկանալ, եթե այս անգամ ինքը ճիշտ է, ինչու հասարակությունը չի վստահում իր տված տեղեկատվությանը։

–Եթե այս երկու կառույցի նման գործելաոճը շարունակական բնույթ ունենա, ինչի՞ կարող է հանգեցնել։

–Երկու կառույցների խնդիրն էլ առարկայական, ճշմարիտ հիմք ունեցող տեղեկատվությամբ մարդկանց համոզելն է, որ իրենց մատուցած տեղեկատվությունը օբյեկտիվ է կամ ճշմարտացի։ Այստեղ ճշմարիտ ինֆորմացիայի հանգամանքն է էականը։ Այդ ճշմարտացի տեղեկությունը տրամադրելու անհրաժեշտությունն ունի ՊՆ-ն։ Բայց այն պարագայում, երբ մեկ տարի շարունակ ՊՆ-ն, մեղմ ասած, ճիշտ տեղեկություն հասարակությանը չի տալիս, ի՞նչ սպասել:

–Ինչո՞ւ այդ կառույցները ներդաշնակ չեն աշխատում։

–Այդ հարցը պետք է ուղղվի իշխանությանը, բայց պետք է նկատի ունենալ, որ ՄԻՊ-ն անկախ ինստիտուտ է ու իրավունք ունի պաշտոնական տեղեկատվության հետ չհամընկնող տեղեկություն տրամադրելու։ Այսինքն՝ ՄԻՊ-ը հենց նրա համար է, որ երբեմն-երբեմն բացահայտի նաև իշխանության ձախողումները, տրամադրած ոչ ճիշտ տեղեկատվությունը, իսկ այս առումով մեր պաշտպանը շատ արդյունավետ է աշխատում։ Նրան ոչ թե պետք է սպառնալ, հաթաթա տալ, ասել, որ պաշտոնավարմանը մնացել է երեք ամիս, հակահեղափոխական կոչել, ինչպես Անվտանգության խորհրդի չկայացած երիտասարդն է անում, այլ պետք է փորձել համոզիչ փաստարկներով ապացուցել, որ այս հարցում ՄԻՊ-ը սխալվել է։ Այս պարագայում ոչ թե ներդաշնակ աշխատելու անհրաժեշտություն կա, այլ իշխանությունը պետք է իր գործողություններով ապացուցի, որ ՀՀ անվտանգությունը երաշխավորված է։

–Եվ մեկ արտաքին քաղաքական հարց։ Aliqmedia.am-ը, հղում անելով դիվանագիտական իր հավաստի աղբյուրներին, գրել էր, որ Մոսկվայում նոյեմբերի 9-ին Հայաստանն ու Ադրբեջանը երկու նոր փաստաթուղթ են ստորագրելու, որոնք վերաբերում են սահմանազատմանն ու կոմունիկացիաների ապաշրջափակմանը։ Ինչո՞ւ կրկին նոյեմբերի 9-ը, և ի՞նչ ենք ունենալու այս տարվա նոյեմբերի 9-ին, եթե լրատվականի այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը։

–Արձանագրեմ, որ Թաթուլ Հակոբյանն այս հարցերում բացառիկ բարեխիղճ փորձագետ է, ու քիչ հավանական եմ համարում, որ նրա տեղեկատվությունը սխալ լինի, մանավանդ որ ռուսական լրատվականները, կարծես թե, հաստատում են, որ նոյեմբերի առաջին տասնօրյակում լինելու է եռակողմ հանդիպում։ Հետևանքների վերաբերյալ․ շատ բացասական եմ վերաբերում, որ դարձյալ գործ ունենք միանձնյա դիվանագիտության հետ, երբ հասարակության և քաղաքական ուժերի թիկունքում Նիկոլ Փաշինյանը գնում է նոր համաձայնությունների ձեռքբերման, ինչը շատ դատապարտելի երևույթ է ու նշանակում է, որ ունենք սուվերենության կորուստ, այսինքն՝ կամ մեր հասարակությունից ոչինչ կախված չէ, այդ պատճառով էլ իշխանությունը ոչինչ չի տեղեկացնում, կամ գործ ունենք մեկ մարդու անձնիշխանության հետ, որը շատ տխուր հետևանքների արդեն բերել է ու դարձյալ բերելու է։ Երկրորդ՝ արձանագրենք, որ երբ Բաքվից հինգ ռազմագերիներին վերադարձնելու օրն ասում էին՝ դրական ազդակներ են գալիս Հայաստանից, փաստորեն նկատի ունեին ինչ-որ համաձայնություն, ինչի մասին լրատվականը հիմա ակնարկում է։ Մյուս խնդիրը սիմվոլիզմն է, ինչը քաղաքականության մեջ շատ առանցքային դեր ունի, և եթե իսկապես նոյեմբերի 9-ին է ստորագրվելու փաստաթուղթը, անկախ դրա բովանդակությունից, շատ վատ է, որովհետև նոյեմբերի 9-ը հայոց պատմությանը մնացել է որպես նվաստացման օր, ու հայկական կողմը ամեն ինչ պետք է անի, որ նախ այս պահին ոչ մի համաձայնագիր չստորագրվի, բայց եթե պետք է ստորագրվի, չլինի նոյեմբերի 9-ին։ Հաջորդը՝ անվտանգային ռիսկեր եմ կանխատեսում թե՛ երկրի շուրջը, թե՛ ներսում։ Մի քանի օր առաջ Պուտինն ասաց, որ սահմանների ճշգրտումը լինելու է ԽՍՀՄ քարտեզներով, ինչը նշանակում է, որ Հայաստանն անխուսափելիորեն ունենալու է տարածքային զիջումներ ու սուվերենության կորուստ, իսկ սա ոչ միայն անվտանգային նոր ռիսկեր է առաջացնելու արտաքին քաղաքականության մեջ, այլ նաև ներսում ցնցումներ եմ կանխատեսում, որովհետև ստացվում է, որ վերաթարմացվելու է նոյեմբերի 9-ի նվաստացուցիչ համաձայնությունը։

–Ներքին ցնցումներն ի՞նչ մասշտաբի կլինեն, թե՞ այս պահին կդժվարանաք կանխատեսել։

–Չեմ կարող կանխատեսում անել, բայց կհաստատվի այն թեզը, որ գործող իշխանությունը նույնանում է պարտվողականության, մեր պետական ու ազգային շահերը ստորադասելու հետ, և դա չի կարող հասարակական բողոքի ալիք չբարձրացնել՝ անկախ դրա մասշտաբից: Իսկ եթե հաշվի առնենք, որ խորհրդարանական ընտրությունները չեն հաղթահարել ներքաղաքական ճգնաժամը, կարելի է միայն ենթադրել, թե առաջիկա ցնցումներն ինչպիսի մասշտաբ կամ խորք կունենան։