Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Ադրբեջանին՝ Արցախյան 44-օրյա պատերազմում հաղթանակի օրվա կապակցությամբ։ Այս մասին Էրդողանը գրառում է կատարել իր թվիթերյան պաշտոնական էջում։
Թուրքիայի նախագահն իր թվիթերյան գրառման մեջ մասնավորապես գրել է. «Սրտանց շնորհավորում եմ նոյեմբերի 8-ի Ադրբեջանի հաղթանակի օրը, որը 44 օր էպիկական պայքարից հետո Ղարաբաղի ազատագրման նշանն է։ Ղարաբաղը Ադրբեջան է և միշտ կմնա որպես Ադրբեջան»։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին Ադրբեջանում տոնում են 44-օրյա պատերազմում հաղթանակի օրը։ 2020 թվականի նոյեմբերի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը գրավել են Շուշին, որը չնայած սկզբում կտրուկ հերքվում էր Հայաստանի իշխանությունների կողմից, սակայն հաջորդ օրը երեկոյան ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո հայտնի դարձավ, որ Ալիևի հայտարարությունը համապատասխանում է իրականությանը։