Արտաքին 1 ժամ առաջ - 22:45 03-10-2026

Ֆրանսիայում ապօրինի միգրանտներ տեղափոխող ֆուրգոնում գնդակահարել են 47-ամյա տղամարդու

Ֆրանսիայում ավտոմայրուղու կանգառում հայտնաբերվել է 47-ամյա գնդակահարված մի տղամարդ, որը գտնվել է բրիտանական համարանիշներով ֆուրգոնում, որով տեղափոխում էին մոտ տասը ապօրինի միգրանտի, հայտնել են Թրուա քաղաքի դատախազությունից, փոխանցել է AFP-ն։
Ֆուրգոնը հայտնաբերվել է ուրբաթ առավոտյան՝ Թրուայից մոտ 30 կիլոմետր հյուսիս գտնվող Շան լ'Էպե կայանատեղիում։ Տղամարդու դին՝ գլխի հրազենային վնասվածքով, տեղի ժամանակով մոտ ժամը 5:00-ին գտել են ավտոմեքենայի նստելատեղերից մեկի վրա։
Թրուայի դատախազ Իզաբել Վերիսիմոյի խոսքով՝ դիակի հայտնաբերումից կարճ ժամանակ անց ձերբակալվել է մի կասկածյալ, որը, ենթադրաբար, եղել է հանցագործության վայրում։ Քննությամբ պարզվել է, որ կրակոցները հնչել են այն պահին, երբ ֆուրգոնը կանգ է առել կայանատեղիում։ Դրանից հետո մի քանի մարդ փախել է։

Ավտոմեքենայում ոստիկանությունը հայտնաբերել է մոտ տասը օտարերկրացու, որոնք, դատախազության տվյալներով, Ֆրանսիայում գտնվել են անօրինական կերպով։ Նրանց, ինչպես նաև մահացածի քաղաքացիությունն առայժմ չի հաղորդվում։

Հետաքննությունը փոխանցվել է Ռեյմսի իրավապահ մարմիններին։ Շաբաթ օրը Թրուայի դատախազությունը հայտնել է սպանության, սպանության փորձի և զենքի ապօրինի պահման հոդվածներով քրեական գործ հարուցելու մասին։

Բացի այդ, քննությունը կստուգի գործի մասնակիցների հնարավոր առնչությունը Ֆրանսիա օտարերկրացիների ապօրինի մուտքի, տեղափոխման և բնակության կազմակերպմանը, ինչպես նաև մարդկանց թրաֆիքինգին՝ կազմակերպված խմբի կազմում։
Քննիչները պարզում են կրակոցների հանգամանքները, զոհվածի և ձերբակալվածի ինքնությունը, ինչպես նաև ֆուրգոնում գտնվող անձանց դերը տեղի ունեցածում։

Ամենից շատ դիտված