Վլադիմիր Զելենսկին արևմտյան գործընկերներից պահանջել է լրացուցիչ 40 F-16 կործանիչ և 8 միլիարդ եվրո՝ Ուկրաինայի ռազմական բյուջեի պակասուրդը ծածկելու համար։
«Մեզ ավելի շատ կործանիչներ են պետք, ավելի շատ F-16-ներ։ Ուկրաինային անհրաժեշտ է ևս 40 F-16»,- ասել է նա՝ տեսակապով ելույթ ունենալով Ուկրաինային զենքի մատակարարումների հարցով կոնտակտային խմբի՝ «Ռամշտայնի» ձևաչափով նիստում, որը տեղի է ունեցել Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում։
Զելենսկին նաև լրացուցիչ ֆինանսական աջակցություն է պահանջել։ «Այս տարի Ուկրաինային լրացուցիչ 8 միլիարդ եվրո է անհրաժեշտ ռազմական բյուջեի պակասուրդը ծածկելու համար»,- հայտարարել է նա։
Նա կրկին կոչ է արել գործընկերներին իրենց պաշարներից Ուկրաինային փոխանցել Patriot և IRIS-T հակաօդային պաշտպանության համակարգերի որսացող հրթիռներ։
Ռուսական կողմը բազմիցս հայտարարել է, որ Կիևին զենքի մատակարարումները միայն երկարաձգում են Ուկրաինայում հակամարտությունը։