Դատավորների միության 25-ամյակի միջոցառմանը ներկա էր նաեւ ԲԴԽ նախագահ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Ռուբեն Վարդազարյանը։
Նա լրագրողների հետ զրույցում գնահակատան տալով իրեն փոխարինած Գագիկ Ջհանգիրյանի աշխատանքին` ասաց. «Պարոն Ջհանգիրյանի պաշտոնավարման վերաբերյալ ես իմ կարծիքը հայտնել եմ մինչև նրա ընտրվելը. գտնում եմ, որ նա չպետք է ընտրվեր ԲԴԽ անդամ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»։
Դիտարկմանը, թե մամուլում կան հրապարակումներ, որ Ջհանգիրյանը կարողացել է որոշ դատավորների «իրենով» անել և այժմ էլ պատրաստվում է հրաժարվել պաշտոնից, Վարդազարյանն ասաց. «Եթե նա կարողացել է դատավորներին իրենով անել, ապա ես գնահատում եմ, որ դա ոչ թե պարոն Ջհանգիրյանի, այլ էդ դատավորների մեղքն է։ Եթե այդքան շուտ և հեշտ կարող էին կոտրվել, ապա երևի թե այդ մարդիկ արժանի չէին դատավորի բարձր կոչմանը»։
Պատասխանելով հարցին, թե, ըստ օրենքի, եթե Ջհանգիրյանը հեռանա, ապա նրան ով է փոխարինելու, նա նշեց, որ ըստ օրենքի, եթե Ջհանգիրյանը հեռանա, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար կդառնա ԲԴԽ-ի տարիքով ավագ անդամը։ Այս դեպքում դա ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանն է: