Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:06 16-03-2022

Նուշի և հոնի ցրտահարվածության հավանականությունը մեծ է, ծիրանինը՝ ոչ


Վերջին օրերին հանրապետության տարածք «ներխուժած» սառը օդային զանգվածների հետևանքով արձանագրվել են եղանակի կտրուկ փոփոխություն, ջերմաստիճանի անկում, տեղումներ, նաև ձյան տեսքով։ Մինչ այդ՝ փետրվարին արձանագրված բարձր ջերմային ֆոնին հյութաշարժությունը սկսվել էր, ժողովրդական լեզվով ասած՝ տարին շուրջ 15 օրով առաջ էր, ու հանրապետության հարթավայրային գոտում հոնենու, նշենու, ինչպես նաև ծիրանենու դեպքում կենսաբանական ակտիվ պրոցեսներ էին ընթանում։ Բողբոջներն ուռել են, հոնենու և նշենու դեպքում հասել նրան, որ ևս մեկ-երկու տաք օր, ու ծաղիկները կբացվեին։ Ծիրանի դեպքում հարթավայրային գոտում ծաղկումը կսկսվեր թերևս մեկ շաբաթից։ Բայց, ինչպես միշտ, բնությունը սրբագրում է ամեն ինչ։ Վերջին մի քանի օրերի անբարենպաստ եղանակը էապես դանդաղեցրեց տարվա «առաջանցիկ տեմպերը», ավելին՝ վերջին երկու օրերի ջերմաստիճանի կտրուկ անկումը, հատկապես՝ մարտի 15-ի գիշերվա, լույս 16-ի ջերմաստիճանի անկումը մինչև -6 աստիճանի, Արարատյան դաշտում վերոնշյալ պտղատեսակների ցրտահարության ռեալ վտանգ է ստեղծել։

Հարցի առնչությամբ գյուղատնտեսության նախկին փոխնախարար, հանրապետությունում այս ոլորտի ամենամեծ գիտակներից Գառնիկ Պետրոսյանը պարզաբանեց, որ հոնի և նուշի պարագայում, իրոք, ցրտահարության վտանգ կա։ Չի բացառվում, որ եղանակների կարգավորումից հետո պարզվի, որ սրանք մասամբ, գուցե և ամբողջությամբ ցրտահարվել են։ Դա պայմանավորված է նրանով, թե տվյալ պտղատուները որ տարածաշրջանում են գտնվում, այդ տարածաշրջանում ջերմաստիճանի ինչպիսի նվազում է արձանագրվել, և քանի ժամ է այն տևել։ Համենայն դեպս, այս պտղատեսակների պարագայում ցրտահարվածության վտանգի հավանականությունն ավելի մեծ է։

Նշենք, որ վերջին տարիներին հանրապետությունում, հատկապես Արմավիրի մարզի բավականին մեծ տարածքներում, հարյուրավոր հեկտարներով ամենատարբեր սորտերի ու ծագման նշենու այգիներ են հիմնել։ Պետրոսյանը նշում է, որ այդ այգիների տնկիները ներկրվել են հիմնականում դրսից, և սրանց մի զգալի մասը առանձնանում է ցրտադիմացկունությամբ։ Հետևաբար չի բացառվում, որ սրանք ցրտահարված չլինեն։

Ինչ վերաբերում է հանրապետության համար կենսական կարևորության ծիրանենուն, Գառնիկ Պետրոսյանը կարծում է, որ գոնե այս օրվա դրությամբ սրա ցրտահարվածության հավանականությունը մոտ է զրոյի։ «Իհարկե, ծաղկակոկոնը ուռած վիճակում է, մոտ է բացվելուն, բայց քանի դեռ ծաղիկը բացված չէ, պատյանի մեջ է, ցրտահարվելու հավանականությունը ավելի փոքր է»։

Քանի որ ծառը միանգամից հավասարաչափ չի ծաղկում, հնարավոր է, որ որոշ ծաղկակոկոններ համեմատաբար ավելի բացված լինեն, այն աստիճան, երբ սպիտակ ծաղկաթերթը երևում է, այդ դեպքում դրա ցրտահարվելու հավանականությունը շատ մեծ է։ Մյուս կողմից՝ չի բացառվում, որ այնուամենայնիվ Արարատի մարզի հարավային հատվածներում նորմալ ծաղկում լինի, անգամ պտղակալում, բայց որոշ ժամանակ անց պտուղը դեղնի, թափվի։ Ընդհանրապես ջերմաստիճանի կտրուկ տատանումները բացասաբար են ազդում բույսի վրա, հատկապես ծաղկման ու պտղագոյացման նախնական փուլում։ Այնպես որ, մասնագետների գնահատմամբ՝ այս պահի դրությամբ ծիրանենու ցրտահարվածության հավանականությունը շատ փոքր է։ Ցավոք, օդերևութաբանները այս գիշերվա համար ևս ջերմաստիճանի մեծ անկում են կանխատեսում, ինչն, այնուամենայնիվ, անվտանգ չէ։


Վարդան Մսրյան

Ամենից շատ դիտված

12:00 Ալեն Սիմոնյանին կտանեի «Ծղոտներ» ու «ուբիդիտ» կանեի, թե այդ տարածքներն ումն են. Վարդան Ղուկասյան
08:14 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին․ Հրապարակ
07:42 Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. Փաստ
19:31 Եթե հանդուրժենք, վաղը Հայոց այբուբենն ու Մեսրոպ Մաշտոցին սպառնալիք կհամարեն․ Վահագն Չախալյան
18:15 «Նաիրի» ԲԿ, «Սպայկա»․ ընդդիմադիրները ևս մասնակցել են Աննա Հակոբյանի 1 միլիոնանոց ընթրիքին
11:57 Զառա Արամյանը տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք. armlur․am
22:02 Գյումրիում բարի մարդիկ ինձ կարի մեքենա նվիրեցին, հիմա իմ ձեռքի շնորհքով եմ ապրում. արցախցի դերձակ
08:42 Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի
17:45 Աննա Հակոբյանը թքած ունի օրենքի վրա․ նա երթևեկում է պլյոնկած ավտոմեքենայով
18:30 Որ ոչ ոք գլխի չընկնի․ Փարաքարի համայնքապետը 1 տառանի 2 գերգաղտնի որոշում է ընդունել