Այդպես «շուստրի» քանի՞ եղբայր եք, ասում են՝ դուք Սահմանադրությանը կողմ քվեարկեք, մենք՝ հայտարարությանը: Այս մասին ԱԺ նիստին հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
«Ինչի՞ եք խառնվել իրար, ի՞նչ է կատարվում ձեր հետ։ Մեզ ասում են եկեք մենք ձեր այս նախագծին կողմ կքվեարկենք, քննարկենք, դուք էլ սահմանադրությանը կողմ քվեարկեք: Այդպես «շուստրի» քանի եղբայր եք, ժողովուրդ, ինչի՞ վրա եք զարմացել»,- հայտարարել է Քրիստինե Վարդանյանը։
Նրա խոսքով՝ ընդդիմությունը ընտրություններին մասնակցել է հստակ դիրքորոշմամբ՝ հայտարարելով, որ դեմ է լինելու իշխանության առաջարկած սահմանադրական փոփոխություններին, և ընտրողներից ստացել է այդ դիրքորոշումը պաշտպանելու մանդատ։
«Գնացել ենք ընտրությունների, դուք ասել եք՝ պիտի այս Սահմանադրությունը անցկացնենք, 70% մեզ տվեք, մենք ասել ենք՝ պատի պես կանգնելու ենք դրա դեմ։ Ձեզ 70 % չեն տվել, մեզ տվել են այնքան ձայն, որ կարող ենք դեմ լինել։ Հիմա ի՞նչ եք առաջարկում՝ մեր ստացած մանդատը դավաճանե՞նք, գանք ձեր հետ հանցակի՞ց լինենք»,- նշել է պատգամավորը։
Վարդանյանի խոսքով՝ ընդդիմությունը չի պատրաստվում ընտրողներին մի բան խոստանալ, իսկ խորհրդարանում գործել հակառակ կերպով։
«Մենք ձեր պես չենք, մենք չենք գնալու մարդկանց մի բան ասենք, գանք հակառակը անենք, դրա մասին մոռացեք։ Դրա հետ չեք կարողանում հաշտվել։ Այո, ճիշտ եք ասում՝ ժողովուրդը պիտի որոշի, ժողովրդին հարցրել եք, որոշել է, համակերպվեք այդ որոշման հետ»,- հայտարարել է նա։
Անդրադառնալով ընդդիմության նախաձեռնած խորհրդարանական լսումների շուրջ իշխանության արձագանքին՝ Քրիստինե Վարդանյանը նշել է, որ ընդդիմությունը պարզապես լսումներ է կազմակերպել, սակայն դրա համար արժանացել է իշխանության ներկայացուցիչների քննադատությանը։
«Ընդդիմությունը լսումներ է արել, ընդամենը լսումներ է արել, ոչ մի այլ բան տեղի չի ունեցել։ Համարձակվել է ժողովրդավարության բաստիոնում լսումներ հրավիրել, էլ գող փիսո, էլ քաչալ շուն, էլ КГБ-ի ագենտ, էլ օտարերկրյա գործակալ»,- ասել է նա։