Հայաստանն ամփոփում է #ՄԱԹԵՄարդ արշավը
copy image url

Հայաստանն ամփոփում է #ՄԱԹԵՄարդ արշավը

Ներքին 3 տարի առաջ - 20:22 14-03-2022
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ImpactAIM աքսելերատորը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի (ԿԳՄՍ) ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները Մաթեմատիկայի միջազգային օրը՝ մարտի 14-ին, ամփոփել են ՄԱԹԵՄարդ արշավը, որի նպատակն է դեռահասների ու երիտասարդների, հատկապես՝ աղջիկների շրջանում նպաստել գիտական, տեխնոլոգիական, ինժեներական և մաթեմատիկական կրթությանն ու կարիերային։

Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին նշեց, որ Հայաստանում խրախուսվել է ավելի քան 1000 աղջիկների ու երիտասարդ կանանց կրթությունն ու կարիերան STEM բնագավառում ։

ՄԱԹԵՄարդ արշավի շրջանակում փետրվարի 21-25-ը Երևանում, իսկ փետրվարի 28-ից մարտի 4-ը Սիսիանում կազմակերպվել են հնգօրյա աշխատարաններ, որոնց մասնակցում էին Աքսելերատոր#5 ծրագրի շրջանավարտները՝ 10-14 տարեկան 40 աղջիկներ։

Աշխատարանների մասնակիցները, նկարիչ Տիգրան Մանգասարյանի և երիտասարդ կին մենթորների ուղղորդմամբ, սովորել են կոմիքս ստեղծել, որի գլխավոր հերոսուհին՝ ՄԱԹԵՄարդը, մաթեմատիկական տարբեր կարողությունների շնորհիվ հաղթահարում է մարտահրավերները։

«Այսօր դպրոցներում ավելի շատ աղջիկներ կան, քան երբևէ, բայց նրանք միշտ չէ, որ ունենում են իրենց ընտրությամբ կրթություն ստանալու այն նույն հնարավորությունը, որն ունեն տղաները։ Շատ հաճախ կանանց և աղջիկներին հետ են պահում նախապաշարմունքներն ու սոցիալական նորմերը, որոնց պատճառով նրանք չեն կարողանում մուտք գործել կրթության այն ոլորտ, որում մեծ ներուժ ունեն։ Աղջիկները պատշաճ ներկայացված չեն հատկապես STEM բնագավառում։ Հետևաբար նմանօրինակ նախաձեռնություններով STEM ոլորտ աղջիկների և կանանց մուտքը խրախուսելը կարևոր հրամայական է։ Ահա թե ինչի մասին է ՄԱԹԵՄարդը»,- նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը:

«Մաթեմատիկան գիտություն է, որը ճանապարհ է բացում դեպի մյուս գիտություններ։ Սակայն, ցավոք, մենք դեռևս ունենք հանրային կարծրատիպեր, ըստ որոնց՝ STEM ոլորտում առավել մեծ ընդունակություններ ունեն տղաները։ ԿԳՄՍ նախարարությունը պատրաստ է առաջ տանել գաղափարը, որ մաթեմատիկան կարևոր է, և աղջիկները ևս պետք է մուտք գործեն մաթեմատիկայի ոլորտ»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։
Արշավի շրջանակում «Մաթեմն ամենուր» խորագրով լուսանկարների մրցույթ է կազմակերպվել, որին մարտի 2-9-ը ավելի քան 300 պատանի է մասնակցել։
Մրցույթի հաղթողները հայտնի դարձան այսօրվա միջոցառման ընթացքում։ Լավագույն լուսանկարների հեղինակները ստացան հատուկ մրցանակներ։

ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը շարունակելու են աշխատել ՄԱԹԵՄարդ կոմիքսների գրքի էսքիզների վրա, որոնց վերջնական տարբերակը կթողարկվի հոկտեմբերի 11-ին՝ Աղջիկ երեխաների միջազգային օրը։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված