Հայերին հանում են տներից՝ ավելի մեծ գումարով ռուսներին վարձով տալու համար
copy image url

Հայերին հանում են տներից՝ ավելի մեծ գումարով ռուսներին վարձով տալու համար

Ներքին 3 տարի առաջ - 18:23 14-03-2022
Երևանում գրեթե ամեն քայլափոխի կարելի է նկատել ռուսների. նրանք Հայաստան են եկել ռուս-ուկրաինական հակամարտությունից դրդված, ասում են՝ այստեղ ապահով է։ Նրանք փորձում են Հայաստանում բիզնեսներ հիմնել, բնակարաններ ձեռք բերել, ինչն իհարկե Հայաստանի տնտեսության համար դրական է։ Սակայն մյուս կողմից՝ ահռելի թանկացել են վարձով բնակարանները՝ ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում։ Եթե մեկ ամիս առաջ Երևանում հնարավոր էր միջինը ամսական 100-120 հազար դրամով նորմալ պայմաններով բնակարան վարձակալել, հիմա թվերը շեշտակի աճել են։ Անբարեխիղճ տանտերերը Երևանում գտնվող ոչ բարվոք վիճակում գտնվող բնակարանի մեկ ամսվա վարձը 150 հազարից պակաս չեն ասում. պատճառը մեկն է` ռուսների գալուց հետո պահանջարկը մեծացել է։ Ավելին, բանը հասել է նրան, որ տնից հանում են հին վարձակալներին՝ ավելի բարձր գնով ռուսներին տալու համար։

Oragir.news-ի հետ զրույցում Մարի անունով կինը պատմեց, թե ինչ դժվար վիճակի մեջ է գցել իրենց վարձակալած բնակարանի տերը. «Հոսանքների հետ կապված խնդիր կար, զանգեցի, ասեցի՝ Ասյա ջան, թող քո բարեկամը գա, ամուսնուս հետ էդ հոսանքի լարերը փոխեն։ Ասեց՝ չէ, իմ հոսանքի լարերը մի փոխեք, ամսի 1-ից դուրս եկեք տնից, ես տունը վաճառել եմ։ Բայց ո՞նց ա վաճառել, երբ ոչ մի գնորդ չի եկել, հատակը բետոն ա, ոչ մի բան չկա։ Բայց քանի որ դրսից եկել են, ինքը կրկնակի փող ա վերցնելու։ Մենք 60 հազար ենք տալիս, իրենք 120 կտան։ Հիմա 2 էրեխեքի հետ դուրս ա հանում, ասում ա՝ 15 օր ժամանակ ունեք։ Մենք ի սկզբանե խոսել ենք, որ եթե նման բան լինի, մեկ ամիս շուտ ասելու է, համ էլ ես ասել եմ, որ ինձ երկարաժամկետ է պետք»։

Նույն իրավիճակն է նաև մարզերում: Մեր հաջորդ զրուցակիցը պատմում է, որ Արմավիր քաղաքում 1-սենյականոց բնակարանը սկզբում վարձակալել են 25 հազար դրամով, հետո տանտերը սարքել է 30 հազար, ավելի ուշ պահանջել է 50 հազար դրամ։ Երկու ամսական երեխա ունեցող կինը ստիպված ազատել է բնակարանը, քանի որ չի կարողացել այդքան վարձ տալ։

Ալբինա Բարեղամյան

Ամենից շատ դիտված