Ներքին 4 տարի առաջ - 20:17 25-02-2022

Աշխարհը մեր ԱԳՆ-ի փոխարեն ֆեյսբուքահայերին է հետևում

Արդեն երրորդ օրն է մոտենում, որ աշխարհում ռուս-ուկրաինական պատերազմ է ընթանում։ Բայց ավելի ճիշտ կլինի ասել՝ Ուկրաինայի տարածքում պատերազմ է ռուսական զորքերի մասնակցությամբ։ Ոչ ոք չի հասկանում՝ ինչ է ուզում Ռուսաստանը, դրա ղեկավար Պուտինը, բայց հասկանում են, որ ամեն ինչ շատ վատ է։ Զելենսկին փախել, մտել է բունկեր, աշխարհն արձագանքում է, քննադատում, դատապարտում Ռուսաստանին Ուկրաինա ներխուժման համար։ Իհարկե, չեն օգնում, բայց գոնե դատապարտում են, զանգում Զելենսկիից հետաքրքրվում՝ ոնց են, ոնց է վիճակը, պե՞տք է քաղաքական ապաստան տանք, հաց ու ջուր տանք, թեև հիմա այդ զանգն էլ չեն կարողանում անել, քանի որ, ինչպես հայտնել է Իտալիայի վարչապետը, Զելենսկին անհասանելի է դարձել։ Մի խոսքով՝ բոլորը խառն են Ուկրաինայի հարցով, բացի Հայաստանից։

Մեր երկրից ոչ մի պաշտոնական արձագանք չկա՝ իրենք ում կողմից են, մեր դաշնակից Ռուսաստանի՞, որը օրերս որոշեց նաև պաշտոնապես դաշնակցել մեր թշնամի Ադրբեջանի հետ, թե՞ մեր թշնամի Ադրբեջանին բարեկամ Ուկրաինայի, որն այս օրերին ոչ մի օժանդակություն չստացավ իր ենթադրյալ բարեկամ Ալիևից։

Մերոնք ոչ դատապարտում են, ոչ կոչ են անում, ոչ հորդորում են, ոչ ցավակցում են, ոչ էլ քաղաքական ապաստան են տալիս։ Իրենց համար լրիվ մեկ է՝ ռուսներն ու ուկրաինացիները ինչ կանեն։ Երկու օր է՝ Հայաստանի արտաքին գերատեսչության կայքում որևէ խոսք չկա ռուս-ուկրաինական պատերազմի մասին։

Օրինակ՝ ԱԳՆ-ի կայքում տեղադրված վերջին հաղորդագրությունն այն մասին է, որ փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրոպայում և Եվրոպական միությունում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնին։ Կանադացու հետ մեր ԱԳ նախարարը, բնականաբար, ուկրաինական թեման չի քննարկել։ Իսկ աշխարհը, Պուտինը, գուցե նաև հենց Զելենսկին՝ բունկերից, սրտատրոփ սպասում է մեր ԱԳՆ-ի արձագանքին։ Բայց զրո արձագանք՝ «նեչեվո նետու»։
Փոխարենը շատ ակտիվ է ֆեյսբուքահայությունը։ Մինչ Արարատ Միրզոյանի ղեկավարած կառույցում մտածում են՝ ո՞ւմ կողմից «կռվեն» այս պատերազմում, «Ֆեյսբուք»-ում ռուսամետների մոտ խրախճանք է ռուսների հարաբերական հաղթանակով, հումանիստների մոտ՝ կարեկցանք, արևմտամետ-բևեռականների մոտ էլ՝ մանթրաժ, բայց Ռուսաստանին մեղադրող մանթրաժ։

Բայդենը, Ջոնսոնն ու հատկապես Պուտինն էլ, ամենայն հավանականությամբ, ուշի ուշով հենց մեր ֆեյսբուքահայերի գրառումներին են հետևում, որ հասկանան՝ Հայաստանն ինչ է մտածում այս պատերազմի թեմայով։ Ու որ մի քիչ ավելի ուշադիր հետևեն, երևի էլ ԱԳՆ-ի դիրքորոշման կարիքը չզգան․ «Ֆեյսբուք»-ում ամեն ինչ տեղը տեղին ասված է։

Ֆրիկ

Ամենից շատ դիտված

22:34 Դաժան ծեծի է ենթարկվել 19-ամյա ժամկետային զինծառայող. իրավապաշտպանն ահազանգում է
11:42 Էլեն Սարգսյանն ու ամուսինը ծնողներ են դարձել․ ծնվել է նրանց դուստրը՝ Միան
16:46 Աննա Հակոբյանի նոր իմիջը․ ինչո՞ւ է նա դարձել կանանց իրավունքների պաշտպան
18:58 Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը
14:49 Կյանքիս ուղղված սպառնալիքներ եմ զգում․ Աննա Հակոբյան
00:04 Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում. Ռուբինյանը որոշել է սահմանափակել ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությունը
20:15 Կոյուղաջրերը խառնվել են խմելու ջրին. Արփինե Հովհաննիսյանը Բյուրեղավանի մի շարք բնակիչների անունից բանակցություններ կվարի «Վեոլիա Ջրի» հետ
14:14 Ադրբեջանը որպես վերջնագիր պահանջում է գրել նոր Սահմանադրություն․ իրավապաշտպան
14:20 ԵՄ-ում պատրաստ չեն բացել շուկաները Հայաստանի ապրանքների համար․ ԱՀԾ
21:32 Երևանի Կենտրոնական գերեզմանատնից գողացել են մոտ 350 հազար դրամ արժողությամբ խնկամանը՝ իր մոմակալներով